1080 դիտում
20:35 03-04-2015
Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն Վարշավայում
Ապրիլի 2-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր Լեհաստանի «Արմենիան ֆաունդեյշն» հիմնադրամը: Միջոցառումն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Մազովիցկայայի վոյևոդության մարշալեկ Ադամ Ստրուզիկայի հովանու ներքո:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը, Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Էուգենիուշ Գժեշտակը, Լեհաստանի նախագահի խորհրդական Յան Լիտինսկին, լեհահայոց հոգևոր հովիվ Տեր Տաճատ Ծատուրյանը, Լեհաստանի ռադիոհեռուստատեսության մարզային կառույցների հարցերով Ազգային խորհրդի անդամ, պրոֆեսոր Ստեֆան Պաստուշկան, «Գազետա վիբորչա» թերթի գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկը, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ, «Արմենիան ֆաունդեյշն» հիմնադրամի խորհրդի նախագահի տեղակալ Մաչեյ Բոհոսևիչը, ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպաններ Վիկտոր Ռոսսը և Տոմաշ Կնոտեն, Վարշավայի Պրագա և Ռեմբերտով վարչական տարածքների ղեկավարները, դեսպաններ, լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Ղազարյանը և ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ ֆիլմը շրջելու է եվրոպական բազմաթիվ երկրներով՝ ներկայանալով հայ և եվրոպացի հանդիսատեսի դատին։ Ռեժիսորն ավելացրեց նաև, որ ֆիլմի նպատակներից մեկն է` ցույց տալ գենետիկ հիշողության կարևորությունը, այն, որ որտեղ էլ հայը գտնվի, միևնույն է, հայ է մնում և չի կարող լիովին անջատվել իր արմատներից։ Նախքան ցուցադրության մեկնարկը, հայ-լեհական համագործակցության ընկերակցության փոխնախագահ Ռաֆայել Ամիրյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը, դրա ճանաչման ու դատապարտմանը վերաբերող զեկույցով, իսկ ցուցադրության ավարտին հանդես եկավ նաև պատմաբան, լեհ քաղաքագետ, պրոֆեսոր Ստեֆան Պաստուշկան, ով մասնավորապես նշեց. «Սա հիանալի ֆիլմ էր, անչափ հուզիչ։ Թե՛ հայ և թե՛ լեհ ժողովուրդները շատ լավ գիտեն և զգացել են իրենց մաշկի վրա, թե ինչ է ցեղասպանությունը։ Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր անցյալ, ինչն, անկասկած, միավորում է մեզ»։
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց լեհական մամուլում:
Նմանատիպ նյութեր
8525 դիտում
23:12 31-05-2017
Ամերիկայի արձագանքը Հայոց ցեղասպանությանը. տեղի ունեցավ նոր վավերագրական ֆիլմի ցուցադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
993 դիտում
14:15 17-06-2015
Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի ցուցադրություն Վարշավայում
879 դիտում
21:14 03-04-2015
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»