Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ ՀՀ ՊՆ իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները, կարծիքներ փոխանակվեցին զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության ոլորտում նաև ՆԱՏՕ-ի փորձի ուսումնասիրության և այս ուղղությամբ համագործակցության խորացման վերաբերյալ:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում սեփական փորձը ևս ներկայացնել գործընկեր պետություններին: Նա հավելեց, որ ՀՀ ՊՆ կողմից որդեգրած քայլ առ քայլ քաղաքականությունն իրեն արդարացնում է, որի ցուցիչներից են կանանց ներգրավումը պաշտպանական քաղաքականության ձևավորման գործընթացում, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի կուրսանտների թվի աստիճանական աճը: Շեշտվեց, որ այս ուղղությամբ զարգացումների արդյունքում կդիտարկվի նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ստորաբաժանումների կազմում կին զինծառայողների ընդգրկման հնարավորությունը:
Դեսպան Շուրմանն իր հերթին նշեց, որ ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերի արդյունավետությունը տեսանելի է, ինչին նպաստում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ ՀՀ ՊՆ բաց ու կառուցողական աշխատանքը: Նա պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող աշխատանքներին ՀՀ ՊՆ ներկայացվածության մեծացման ուղղությամբ: