211652_close_icon
views-count1100 դիտում article-date 18:44 31-03-2015

«Մեծ հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսն Ազգային ժողովում

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայ եւ ռուս նկարիչների տասնհինգ կտավ, որոնք պատմում են պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության մասին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով Ազգային ժողովում բացված հերթական ցուցահանդեսի մասին, նշել է, որ այս սրահում հաճախ են լինում ցուցադրություններ, սակայն սա առանձնահատուկ է նրանով, որ նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նա կարեւորել է մշակույթի դերը պատերազմների կանխարգելման եւ խաղաղության հաստատման ու պահպանման գործում: ԱԺ նախագահը նշել է, որ այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, մեր ժողովուրդների հերոսական անցյալի արտացոլանքը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Նեկրասովին եւ Վլադիմիր Ավետիսյանին ցուցահանդեսի կազմակերպման, գեղանկարների տրամադրման համար: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշել է, որ տպավորված է ներկայցված կտավներով. հաճախ նկարչի վրձինն ավելի խոսուն է, քան բառերը: Պետական դումայի նախագահը կարեւորել է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Հայրենական մեծ պատերազմում եւ իր երախտագիտությունը հայտնել կյանքի ու արյան գնով հայրենիքը պաշտպանած ազգերին եւ հերոսներին: Սերգեյ Նարիշկինը նախապես շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ:

Նմանատիպ նյութեր