211652_close_icon
views-count1099 դիտում article-date 12:57 31-03-2015

Վարչապետը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվող կլոր սեղանի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք նման քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս գնահատել ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաև նախանշել կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: Գործնական առումով, Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մաս, ինչը ներդրումների և խոշոր երկարաժամկետ նախագծերի իրականացման համար մեր երկիրը դարձնում է առավել գրավիչ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ապրանքների փոխադարձ առևտրում չեն իրականացվում մաքսային ձևակերպումներ, ինչի արդյունքում կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերը և ժամկետները: Ապրանքների փոխադարձ առևտրում վերանում են նաև տեխնիկական խոչընդոտները և կիրառվում է համապատասխանության գնահատման միասնական համակարգ: Միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծվում զարգացնելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կազմակերպությունների միջև արտադրական կոոպերացիայի համակարգը: Եվրասիական տնտեսական միության գործունեությունն ավելի է խորացնում անդամ երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող երկկողմ կապերն ու հարաբերությունները, ինչպես նաև մեծ հնարավորություններ է ընձեռում առևտրատնտեսական ոլորտում միջպետական փոխգործակցության համար: Այս ամենն անչափ կարևոր է ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացներում»: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք է մաղթել կլոր սեղանի մասնակիցներին և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում հնչած առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը: «Հայաստանը պատրաստակամ է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները և շոշափելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը», - եզրափակել է կառավարության ղեկավարը: Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսի բացմանը, ծանոթացել խորհրդային շրջանի հայ և ռուս գեղանկարիչների աշխատանքներին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ազգային ժողովի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր