211652_close_icon
views-count1526 դիտում article-date 17:53 23-03-2015

Ավտոմաքսատանը բացվել է հարկ վճարողների սպասարկման նոր սրահ` «Մեկ պատուհան» սկզբունքով

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատանը, նոր ընթացակարգեր են գործում: Ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի խոսքով` 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլեւ ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության եւ մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ»: Քանի որ նոր կարգով ավտոմաքսատուն դիմելու անհրաժեշտություն չէր առաջանում, ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո ներկրողները պետք է դիմեին հարկային մարմին՝ վճարելու ԱԱՀ-ն: Իսկ դա նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար ստիպված էր տարբեր գերատեսչություններ այցելել: Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ՝ քաղաքացիներին բարձրակարգ եւ արագ ծառայություն մատուցելու նպատակով, ըստ Բաբկեն Ղազարյանի, ԵՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն այսօր հնարավորություն ունենան մեկ վայրում իրականացնել ամբողջ գործընթացը. «Վերացել է հարկային տեսչություններ այցելելու պահանջը, փոխարենը` ավտոմաքսատանը ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ, քաղաքացին այժմ ԱԱՀ-ն վճարում է ավտոմաքսատանը, որտեղ նրան սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները»: Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով եւ ժամանակակից տեխնիկայով: Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորություններն, այլեւ միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը եւ հաշվառման կանգնում ոստիկանությունում: Մաքսատանն այժմ օրական ձեւակերպվում է ԵՏՄ-ից ներկրված 35-40 ավտոմեքենա, այնինչ, մինչեւ 2015 թվականը ՌԴ-ից ամսական ընդամենը 100-200 ավտոմեքենա: Նախորդ տարիների համեմատ աճի միտում է արձանագրվել նաեւ Հայաստանից ԵՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 250-300 ավտոմեքենա, ապա 2015-ի հունվարից մինչ այսօր` արդեն իսկ 450: ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր