211652_close_icon

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է

views-count3895 դիտում article-date 13:52 21-03-2015
ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար: ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է Կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ Կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել Կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20% - 30%-ի չափով: Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության: Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաև հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց և նշված Կազմակերպության հետ համագործակցելուց: Այս մասին տեղեկացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր