211652_close_icon
views-count1278 դիտում article-date 21:52 17-03-2015

Հայաստանը մասնակցեց Վարշավայում անցկացված «Աշխարհի հացեր 2015» փառատոնին

Մարտի 13-15-ը Վարշավայում տեղի ունեցավ «Աշխարհի հացեր 2015» խորագրով ավանդական փառատոնը, որն ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է նաև Լեհաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և համայնքներում: Վարշավայում այն տեղի էր ունենում «Պրահա» թաղամասում, ուր հրավիրված երկրներն ու մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց ազգային հացատեսակները, դրանց ծագման ու պատմության վերաբերյալ դիդակտիկ նյութեր, հակիրճ տեղեկատվություն կամ ֆիլմի ցուցադրություն, հացատեսակի պատրաստման եղանակը` ցուցադրելով նաև ազգային հացամթերքներից պատրաստված կերակուրներ և թխվածքներ: Փառատոնում Հայաստանն առանձին տաղավարով ներկայացնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 2014թ. նոյեմբերին Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի որոշմամբ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական «Լավաշ» հացատեսակը: Այցելուներին հնարավորություն էր ընձեռվել համտեսել հայկական ավանդական հացը, ծանոթանալ բաղադրատոմսին և դիտել դրա պատրաստման վերաբերյալ ֆիլմ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Լեսհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, տեղի ունեցավ մարտի 13-ին: Փառատոնի բացմանը մասնակցում էին Լեհաստանի Կառավարության, Վարշավայի քաղաքային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր: Մարտի 14-ին փառատոնին մասնակցեց և հայկական տաղավար այցելեց նաև Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչիրնսկին: Ընդհանուր առմամբ, հայկական տաղավարն ունեցավ հազարից ավելի այցելուներ:

Նմանատիպ նյութեր