211652_close_icon
views-count3394 դիտում article-date 15:07 13-03-2015

Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ ոստիկանությունում. ֆոտոշարք

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը սույն թվականի մարտի 12-ին հրամաններ է ստորագրել կադրային փոփոխություններ կատարելու մասին: Այսպես, ոստիկանության պետի հրամանով` ոստիկանության փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնին: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով` ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին: Բացի այդ, ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնին: Ճանապարհային ոստիկանության անձնակազմին անձամբ ներկայացնելով նորանշանակ վարչության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանին` ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանին անձնվեր և բարեխիղճ ծառայության համար ու հույս հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության անձնակազմը այսուհետ էլ ավելի եռանդով և սկբունքայնորեն կիրականացնի իր առջև դրված խնդիրները: Եվս մեկ անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողներին խստագույնս պատվիրելով անզիջում և անկողմնակալ գտնվել անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի, ինչպես նաև սահմանված արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ` ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջեց պահպանել օրենքի տառը ու անկեղծ հոգատարություն ցուցաբերել մեր համերկրացիների, իսկ առավել ևս` տարեցների, զինծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ: «Հոգատար և սրտացավ եղեք քաղաքացու հանդեպ. նորից եմ հիշեցնում և սթափության կոչ հղում Ձեզ: Պատկերացրեք Ձեզ Ձեր դիմաց կանգնած վարորդի փոխարեն: Դուք կոչված եք ապահովելու երթևեկության անվտանգությունը, ասել է թե հասարակության կյանքն ու առողջությունը: Այս խնդրում նույնիսկ աննշան շեղումն ու թերացումը ճակատագրական է մի ամբողջ ընտանիքի համար, այդ ողբերգության մեջ Դուք ևս ունեք Ձեր մեղքի բաժինը ու եթե կարողանաք ամբողջությամբ ընկալել և գիտակցել այդ ցավը, ապա համոզված եմ, որ կվերանայեք նաև Ձեր մոտեցումները իրավախախտ վարորդի հանդեպ»,-եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետը: ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության նորանշանակ պետի տեղակալին վարչության անձնակազմին ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը: Շնորհավորելով ոստիկանության փոխգնդապետներ Լևոն Գաբրիելյանին և Արա Պողոսյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ` ոստիկանության պետի տեղակալը հույս հայտնեց, որ նրանք կարդարացնեն իրենց հանդեպ ոստիկանության ղեկավարության տածած վստահությունը և նոր եռանդով ու ուժերի գերլարումով կլծվեն հանուն իրավակարգի ծառայության: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր