211652_close_icon
views-count659 դիտում article-date 11:10 12-03-2015

Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում ասաց. «Մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ Մշտական խորհրդում։ Նախորդ անգամ ես այստեղ էի երկու տարի առաջ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ։ Ես կսկսեմ իմ ելույթը մեր ազգային օրակարգի այսօրվա կարևորագույն հարցից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից։ Դեռևս 1915թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձևակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։ Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատևել և վերականգնել իր պետականությունը։ Իրոք խորհրդանշական է 100-րդ տարելիցին ելույթ ունենալ ձեր առջև՝ որպես այս կազմակերպության 57 մասնակից պետություններից մեկի արտաքին գործերի նախարար։ Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների»։ Այս համատեքստում նշվեց ԵԱՀԿ կարողությունը՝ քայլեր ձեռնարկելու այս հարցի առնչությամբ, քանզի «հավատարմությունը նրա սկզբունքներին և հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին»։ Անդրադառնալով Հայաստանի Նախագահի կողմից իր թուրք գործընկերոջը ապրիլի 24-ին Երևանում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հրավիրելուն՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես անձամբ փոխանցեցի հրավերը Նախագահ Էրդողանին Անկարայում։ Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար»։ Խոսելով 2014թ. սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա ցավալի և, միաժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։ «Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալները ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին՝ Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը», - ասաց նախարար Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը, խոսելով կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ, նշեց. «Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերել կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին: Հայաստանը նախարարական և մշտական խորհուրդների մակարդակներով բարձրացրել է ԵԱՀԿ և նրա հարևանության տարածքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հիմնախնդիրները, այդ թվում՝ մասնակից պետություններին հիշեցնելով իրենց պարտավորությունները՝ կանխելու ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց տարածքների օգտագործումը»: Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում անդրադարձավ ԵԱՀԿ տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ շեշտելով այդ կառույցների ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում, ինչպես նաև` ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և վերջինիս գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանը արժեվորում է ԵԱՀԿ-ն` և՛ որպես նորմերի ձևավորման, և կիրառման կազմակերպություն: Մենք շարունակում ենք սերտ համագործակցել ԵԱՀԿ կառույցների հետ, ներառյալ` Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ու ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի հետ: Վերջիններիս ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում դրական են ընդունվում մեր երկրում՝ հավասարապես թե՛ կառավարության և թե՛ քաղաքացիական հասարակության կողմից: Մարդկային հարթությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթություններից է, որը ներկայումս կազմակերպության միակ լիարժեք գրասենյակն է Հարավային Կովկասում: Հայաստանում դրական զարգացումներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, խոսքի, հավաքների, ազատ մամուլի և համացանցի ոլորտներում», - նշեց Հայաստանի արտգործնախարարը։ Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Հաշվի առնելով տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ԵԱՀԿ տարածաշրջանում՝ թույլ տվեք ներկայացնել մեր համոզմունքն առ այն, որ ցուցաբերելով ավելի մեծ ստեղծագործական մոտեցում և հիմնվելով հնարավորությունների, այլ ոչ թե անհամատեղելիությունների վրա՝ մենք կարող ենք առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից և ձևավորել ներդաշնակության մթնոլորտ` խուսափելով նոր բաժանարար գծերից: Ինչպես հայտնի է, Հայաստանը վերջերս միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ինչն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, մեր պետության համար ստեղծում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: Ներկայումս մենք աշխատում ենք մեր ԵՄ գործընկերների հետ՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը, որն արտահայտելու է մեր համագործակցության էությունը` հիմնված այն առաջընթացի վրա, որը մենք արձանագրել ենք: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել համապարփակ համագործակցությունը, նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»: Նախարարը իր խոսքում անդրադարձ կատարեց ԵԱՀԿ օրակարգում կենտրոնական տեղ զբաղեցնող հակամարտություններին և ճգնաժամային իրավիճակներին. «Ակներև է, որ հակամարտությունները և ճգնաժամային իրավիճակները շարունակում են կենտրոնական տեղ զբաղեցնել ԵԱՀԿ օրակարգում: Մասնավորապես, գերիշխում են ուկրաինական ճգնաժամի շուրջ քննարկումները: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաև՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը»: Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «2014 թ.-ին՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնության ստորագրման 20-ամյակի տարում, Բաքուն լրջորեն սրեց իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական շրջանները, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Ադրբեջանը, գրեթե ամբողջապես վերահսկելով ԶԼՄ-ների գործունեությունը իր երկրում, թաքցնում է իր իսկ սադրանքների արդյունքում մարդկային կորուստների իրական թիվը: Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարին և «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներթափանցումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Մենք ուրախ ենք, որ համանախագահները ի վերջո արձագանքեցին մեր կոչերին՝ հստակորեն մատնանշելով բռնության պատասխանատու կողմը: Այնուամենայնիվ, ոչինչ չի զսպում Ադրբեջանին: Եվ ոչ անգամ համանախագահ երկրների կոչերը՝ ձեռնպահ մնալու սադրիչ գործողություններից, հատկապես՝ կրոնական տոների նախօրեին և ընթացքում: Ադրբեջանը ակտիվացրեց իր հարձակումները Ամանորի և Սուրբ Ծննդի տոների ընթացքում՝ մարդկային զոհերի պատճառ հանդիսանալով: Փետրվարին՝ տարածաշրջան իրենց վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ: Շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները»: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով: Ձեզնից ոմանք ականատես են եղել, թե ինչպես Ադրբեջանը սպառնաց վետո դնել ԵԱՀԿ ամբողջ բյուջեի վրա, եթե միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար որևէ ֆինանսավորում հատկացվի: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձել է կաթվածահար անել կազմակերպության աշխատանքները: Նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում մեր համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները: Նույն կերպ Ադրբեջանը, իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, միևնույն ժամանակ փորձեց խոչընդոտել հարևան երկրներում դաշտային առաքելությունների աշխատանքը: Վերջապես, Ադրբեջանը, զբաղվելով ինքնախաբեությամբ, Մշտական խորհրդի յուրաքանչյուր օրակարգ մտցնում է շինծու կետեր: Ադրբեջանական սադրանքները արտահայտվել են նաև մշտական ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով և հայտարարել, թե Հայաստանը և իր հինավուրց մայրաքաղաքը ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանում այն լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները և մտավորականությունը, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, բոլորը հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ»: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում: Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների առաջարկների վրա: Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առաջիկայում Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդգծեց. «2015թ. մայիսի 3-ին Արցախի ժողովուրդը 6-րդ անգամ կիրականացնի Ազգային ժողովի պատգամավորներ ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը: Ժողովրդավարական գործընթացները Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը, ինչպես դարձյալ այստեղ՝ Մշտական խորհրդի հանդիպումներից մեկի ժամանակ, նշվել է որոշ մասնակից երկրների կողմից: Ժողովրդավարության կառուցումը` հիմնված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, պետք է միայն ողջունվի միջազգային հանրության այլ ժողովրդավարական անդամների կողմից: Թույլ տվեք հիշեցնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածը, որը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական պատկանելությունից և համոզմունքներից…: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից»: Այս առումով պետք է նշել, որ աշխարհում ազատության վերաբերյալ Freedom House-ի 2015թ. զեկույցի համաձայն, Արցախը շատ առաջ է Ադրբեջանից՝ հիմնարար ազատությունների առումով: Այդ պատճառով էլ պատահական չէ, երբ Բաքուն քննադատում է Արցախում անցկացվող ընտրությունները` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս վիճակը: Այնուամենայնիվ, երբեմն մի քանի մասնակից երկրներ, մի կողմից հայտնելով իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, մյուս կողմից այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք հակասում են խաղաղության գործընթացի ոգուն և բովանդակությանը: Համանախագահները հստակ նշում են, որ ընտրական գործընթացի միջոցով «Լեռնային Ղարաբաղը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել իր բնակչության հանրային կյանքը»: Մենք կոչ ենք անում բոլոր մասնակից երկրներին՝ հետևելու համանախագահների ձևակերպումներին՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, այլև հիմնահարցի հետ կապված այլ հարցերում, քանի որ այս ձևաչափը միջազգայնորեն միակ մանդատ ունեցող մարմինն է հիմնահարցի կարգավորման գործում, և համանախագահների արտահայտություններից ցանկացած շեղում կարող է նշանակել կողմնակալ մոտեցում»։

Նմանատիպ նյութեր