Իրանը պետք է 10 տարով սառեցնի իր միջուկային ծրագիրը. Բարաք Օբամա
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագիրը ստորագրելու համար Թեհրանը պետք է այն սառեցնի առնվազն 10 տարով:
Reuters-ի հարցազրույցում Օբաման նշել է, որ Իրանի հետ պայմանավորվելու հնարավորությունները նվազագույն են, սակայն ցանկացած այլընտրանք ավելի վատը կլինի:
Այսօր ամերիկյան կոնգրեսում ելույթ է ունենալու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը դեմ է Իսլամական հանրապետությանն առաջարկված գործարքին: Օբամայի խոսքով,Իսրայելի վարչապետը սխալվել է, երբ անցյալ տարի Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրին դեմ է արտահայտվել:
Իրանի միջուկային ծրագրի հարցով Վեցյակի երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Գերմանիան, փորձում են Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել ծրագրի սահմանափակման հարցի շուրջ` խոստանալով չեղյալ հայտարարել այդ երկրի դեմ պատժամիջոցները: