211652_close_icon
views-count1912 դիտում article-date 19:58 25-02-2015

Վլադիմիր Գասպարյանը ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին. ֆոտոշարք

Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ եւ հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան: Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ ձեւավորված գործակցությունն ամրապնդելու համար: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ կարեւորվում է ոչ միայն փորձի փոխանակման, գիտելիքի յուրացման առումով, այլեւ Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետության համատեքստում: Ոստիկանության պետը ներկայացրեց բարեփոխումների առաջին փուլում կատարված աշխատանքի արդյունքները եւ այն խնդիրները, որոնք նախատեսված են երկրոդ եռամյակում՝ ընդգծելով, մասնավորապես, ոստիկանության թափանցիկ գործունեության ապահովումը, հանրությանը ծառայություն մատուցող կառույցների որակական արդիականացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը եւ այլն: Դեսպան Միլսը հավաստիացրեց, որ դեսպանությունը հետաքրքրված է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներով, եւ ամերիկյան կողմը պատրաստակամ է երկրորդ փուլում օժանդակություն ցուցաբերել այն կարեւոր ուղղություններով, որոնց ԱՄՆ-ը կարող է աջակցել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր