1453 դիտում
15:23 25-02-2015
Ուսանողների մոտ փոխվում է սովորելու նկատմամբ վերաբերմունքը և մոտիվացիան. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Նախարարը շրջել է լսարաններում, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, մասնավորապես, հետաքրքրվել ուսանողներին մտահոգող խնդիրներով, նրանց ուսման առաջադիմությամբ և աշխատանք գտնելու հեռանկարով: Արմեն Աշոտյանն այցելել է նաև բուհում տեղակայված Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոց, ծանոթացել դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին: Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը նախարարին ներկայացրել է դպրոցում ուսման տևողությունը, ծրագրի առավելությունները, ընդունելության կարգը և դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներ: Այնուհետև նախարարը եղել է ՀՊՏՀ գրադարանում, ծանոթացել թվայնացման գործընթացին, գրադարանի տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը գրադարանի անձնակազմից հետաքրքրվել է՝ ինչ ծավալի գրականություն է թվայնացվում, որքանով է այն ուսանողներին հասանելի և այլն:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ վաղուց Տնտեսագիտական համալսարանում չէր եղել. "Ժամանակացույցով փորձում եմ բոլոր բուհերում տարվա մեջ մի քանի անգամ լինել և ծանոթանալ ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհի զարգացման ծրագրերին: Տնտեսագիտական համալսարանում բարեկարգման աշխատանքներ է իրականացվել, արդիականացվել է նաև կրթական գործընթացը ՝ համակարգչային լսարանների գրադարանի թվայնացման միջոցով՝ փորձելով առավել ժամանակակից միջավայր ապահովել ուսանողների համար: Կարծում եմ` ոչ միայն Տնտեսագիտական համալսարանը, առհասարակ, Հայաստանի բուհական համակարգն իր միջազգայնացման շնորհիվ առավել ժամանակակից է այսօր և ակնհայտ է, որ ուսանողների մոտ փոխվում է նաև սովորելու նկատմամբ վերաբերմունքը և մոտիվացիան: Ինչպես տեսաք՝ կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր զուգահեռ նաև աշխատում են, և ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթական քաղաքականության մի մասն են: Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության մատչելիության ապահովության ուղղությամբ",- նշել է նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությանը, նախարարը նշել է, որ այն երկրորդն է իր ոճի մեջ Հայաստանում և տալիս է կիրառական-տնտեսական կրթություն` բրիտանական կրթական ստանդարտներով և բրիտանական ավարտական փաստաթղթերով: "Շատ պահանջված պետք է լինի, կարծում եմ, այս կրթական ծառայությունը աշխատաշուկայում: Անպայման չէ, որ նման կրթական ծրագիրը լինի շատ զանգվածային. մեզ համար կարևոր է, որ կրթական ներկապնակում ներկայացված լինի ամբողջ եվրոպական, միջազգային կրթական փորձը: Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացմանն ուղղված մի շարք նախագծեր կան, որոնք բնականաբար մրցակցություն կապահովեն, որակի դրական տեղաշարժեր կառաջացնեն և Հայաստանի կրթական ծառայություններն ավելի ճանաչելի կդարձնեն նաև եվրոպական կրթական տարածքում",-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միացյալ Թագավորության Անգլիա Ռասկին համալսարանի միջև համագործակցության արդյունքում հիմնադրված Հայաստանում Բրիտանական դպրոցը իրականացնում է մագիստրոսական ծրագիր գործադիրների համար, որը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը: Ծրագրի տևողությունը 18 ամիս է:
Նմանատիպ նյութեր
5562 դիտում
12:22 22-12-2017
Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում. Արմեն Սաֆարյան
1015 դիտում
14:43 25-07-2023
Անկախ տեղից բանակցողները չեն փոխվում. օրակարգը, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում. Փաշինյան
Այս բաժնից
1225 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
1237 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1225 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today