211652_close_icon
views-count1679 դիտում article-date 13:29 19-02-2015

Բացվել է սիրիահայ երեխաների աշխատանքների ՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսը. ֆոտոշարք

Փետրվարի 18-ին Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվեց ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը՝ նվիրված ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Մենք վկան ու ականատեսն ենք մի յուրօրինակ ցուցահանդեսի, որը խորապես հուզում է ինձ. առաջինն այն պատճառով, որ Հալեպի ռմբակոծման պայմաններում մեր երեխաները շարունակում են ստեղծագործել, նկարել և երկրորդ, որ մեզ՝ հայերիս հնարավոր չէ կտրել մեր ստեղծագործ էությունից: Եթե մեծ վարպետ Մարտիրոս Սարյանը ողջ լիներ, մեծ հրճվանքով պիտի դիտեր մեր երեխաների աշխատանքները, այս նկարների հեղինակ մեր մանուկների մեջ, վստահ եմ, վաղվա սարյաններն են: Ցավոք, այս ցուցահանդեսին հալեպահայ փոքրիկ նկարիչները ներկայացրել են ո՛չ թե իրենց անհոգ ու խաղաղ մանկությունը պատկերող ստեղծագործություններ, այլ ավեր ու ավար դարձած Հալեպի տեսարաններն արտացոլող գործեր, - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, - ուստի պատահական չէ, որ մեր նախարարությունը ցուցահանդեսին մասնակից ստեղծագործողներին շնորհել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր»: Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանին, ով 20 տարի առաջ Հայաստանից մեկնել էր Հալեպ՝ մշակութային օջախը երկամյա ժամկետով ղեկավարելու, սակայն նվիրվելով գործին՝ մնացել է համայնքում և նման բարձր մակարդակի հասցրել ակադեմիան: Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք գործակցության զարգացմանը մեծ ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հրազդան Թոքմաջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: Ինչպես նշեց տիկին Հակոբյանը, նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ տպագրվել է Հալեպի հայ մանուկների աշխատանքների պատկերագիրքը: ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ միջոցառման կազմակերպմանը սրտացավ և գործուն աջակցության, ինչպես նաև Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրինությանը՝ աջակցելու և սրահը տրամադրելու համար: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ բարձր պարգևի արժանացնելու և ակադեմիայի սաների աշխատանքների ցուցադրությունը պատշաճ կազմակերպելու համար՝ Հրազդան Թոքմաջյանը նշեց. «Վերադառնալու եմ Հալեպ և շարունակելու աշխատանքս՝ որպես արդեն Ձեր Հրազդան Թոքմաջյան: Այս նկարների հեղինակ հալեպահայ մանուկները արևմտահայերի 5-րդ սերունդն են, որ նորից հայտնվել են հրի ու սրի մեջ: Նրանք անչափ ուրախ կլինեն, երբ հեռուստացույցով տեսնեն իրենց աշխատանքները, եթե իհարկե հնարավորություն ունենան հեռուստացույց դիտել»: ՀԲԸՄ Հալեպի մասնաճյուղի ատենապետ, գրող, մանկավարժ Հակոբ Միքայելյանը նշեց, որ 1955թ. հիմնադրված ակադեմիայի արմատներն այնքան խորն են, որ նույնիսկ կրակի ու բոցերի, արյան ու մահվան ճիրաններում շարունակում է գործել, շարունակում է արվեստի ուժով մեղմացնել երեխաների տառապանքներն այս դժվար օրերին: Մեծապես կարևորելով Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների ցուցադրությունը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը նշեց. «Ես չգիտեմ մեկ ուրիշ ազգ, որ նման պայմաններում շարունակում է ստեղծագործել: Հենց այս հատկանիշն է, որ մեզ պահել է 5 հազար տարի շարունակ և հայ ժողովրդի այդ հատկանիշն առաջ է բերում այլ ժողովուրդների հարգանքը մեր հանդեպ»: Հալեպահայ մանուկների աշխատանքների ցուցադրությունը բարձր գնահատեցին նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հալեպահայ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, սիրիահայ արվեստագետ, դիզայներ Գևորգ Շադոյանը: Համերգային համարներով հանդես եկան Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայրենիք տեղափոխված մանուկներ՝ Աննա Մարիա Մուբայեդը և Սերլի Շեոհմելյանը: Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու ակադեմիայի սաների ողջույնի տեսաուղերձը՝ իրենց հայրենակիցներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր