Քահանաները մասնակցում են ՀՀ Ոստիկանության «Անչափահասը և հանցագործությունը» թեմայով զրույցներին
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնոհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի քահանաները մասնակցում են ՀՀ Ոստիկանության նախաձեռնած «Անչափահասը և հանցագործությունը» թեմայով զրույց-զեկույցներին:
Ծրագիրը նպատակ ունի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ աղանդավորության, փողոցային բարքերի ու բացասական հոգեբանական ազդեցություն ունեցող տարբեր սոցիալական խմբերի մեջ պատանիների ներգրավման ուղղությամբ:
Տ. Վահան քահանա Առաքելյանը մասնակցեց Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 և Լեոյի անվան թիվ 65 դպրոցներում կազմակերպված հանդիպումներին, խոսեց պատանիների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Նմանատիպ հանդիպումներ կազմակերպվելու են մայրաքաղաքի մի շարք համայնքներում: Թեմի քահանաներից շատերը մասնակցելու են ծրագրին, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: