ՈԱԱԿ-ն ուսանող-փորձագետների է հավաքագրում
Այսօր ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի եւ Երեւանի
պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կրթության կառավարման մասնագիտության ուսանողների հետ: Հանդիպման նպատակը ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազայի համալրումն է: Քննարկումը վարում էր ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը:
Նա ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացի մանրամասները, դրանում ուսանող-փորձագետի դերակատարությունը: Ուսանողները ներկայացրեցին իրենց փորձը կրթության կառավարման ոլորտում: Ապա համեմատական
կարգով քննարկվեցին աշխարհի առաջատար երկրների կրթական համակարգերը եւ մոտեցումները կրթության կառավարման
ոլորտում:
Ուսանողները նաեւ հարցաշար լրացրեցին`շարադրելով իրենց գիտելիքները ոլորտի առանցքային հարցերի վերաբերյալ: Դրանք հետագայում կուսումնասիրվեն եւ, համադրվելով նաեւ բանավոր քննարկման արդյունքների հետ, կծառայեն որպես կողմնորոշիչ ուսանող-փորձագետների ընտրության հարցում:
Նշենք, որ ըստ գործող կարգի` ուսումնական հաստատության հավատարմագրման գործընթացում ընդգրկված փորձագիտական խմբի անդամներից մեկն ուսանող պետք է լինի: