ՀՊՄՀ թանգարանն ու dasaran.am-ը կհամագործակցեն
Օրերս ԻԿՕՄ (Թանգարանների միջազգային խորհուրդ) Հայաստանն ու Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպել էին քննարկում Հայաստանի մի շարք թանգարանների ներկայացուցիչների և dasaran.am կայքի միջև:
Հանդիպման նպատակն էր կայքում տեղադրել թանգարանների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ակտիվացնել ու ընդլայնել թանգարան-դպրոց համագործակցության շրջանակները:
Հանդիպման մասնակից Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը առաջարկեց բուհի թանգարանի մասին տեղեկատվությունը dasaran.am կայքի «Թանգարան» բաժնից զատ, տեղադրել նաև «Դիմորդի անկյուն բաժնում»՝ նկատելով, որ թանգարանում իրականացվում են նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված էքսկուրսիաներ:
«Թանգարանը յուրաքանչյուր ամիս պատրաստ է ընդունել մոտ 300 աշակերտ, որոնց համար մասնագիտական կողմնորոշմանն ուղղված էքսկուրսիաներից բացի, կանցկացվեն նաև «Հայ գրերի գյուտը» խաղ-էքսկուրսիան ու «Ճանաչենք Աբովյանին» թեմատիկ էքսկուրսիան»,-նշեց Ալվարդ Գրիգորյանը:
Հանդիպման արդյունքում dasaran.am կայքի պատասխանատուների հետ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունը շարունակելու համար: