2389 դիտում
11:48 17-01-2015
Ռուս զինվորականին հայկական կողմին հանձնելը դառնում է սկզբունքային հարց. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելը դառնում է սկզբունքային հարց, որովհետև միայն այս պարագայում կարելի է գոնե մշուշոտ հավաստիացում ունենալ, որ գործը կբացահայտվի: Եթե, օրինակ, ենթադրենք, որ Պերմյակովը ադրբեջանական շպիոն է, կրկնում ենք, եթե ենթադրենք, սա ռուս իրավապահները երբեք չեն բացահայտի ու չեն խոստովանի, որովհետև դա խայտառակություն կլինի իրենց համար: Իսկ ընդհանրապես, դեպքից հինգ օր անց բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները ուղղակի անհրաժեշտ է գտնել հունվարի 12-ի գիշերը Ավետիսյանների տանը տեղի ունեցածի մասին ամբողջական պատկերացում ունենալու համար:
Մասնավորապես, Ավետիսյանները սպանվել են անկողիններում, և տպավորություն է, որ նրանք չեն էլ հասցրել արթնանալ: Բայց ըստ լուրերի, Ավետիսյանները գտնվել են երեք տարբեր սենյակներում, այսինքն մարդասպանը նախ մտել է մի սենյակ, կրակել, հետո երկրորդը, հետո երրորդը: Մի՞թե չի ենթադրվում, որ առնվազն երրորդ սենյակում գտնվողները պետք է հասցնեին ոտքի ելնել Կալաշնիկովի ավտոմատի անասելի աղմուկից: Եթե չեն հասցրել ոտքի ելնել, մի՞թե դա նշանակում է, որ երեք սենյակներում կրակոցները հնչել են միաժամանակ: Եթե այսպես է, մի՞թե դա չի նշանակում, որ Պերմյակովը մենակ չի եղել: Եթե այդպես է, ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես վստահ, որ կրակողներից մեկը կամ կրակողը եղել է հատկապես Պերմյակովը:
Որտեղի՞ց մենք իմացանք Պերմյակովի մասին, ինչպե՞ս նա հայտնվեց գլխավոր կասկածյալի կարգավիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել էին նրան ամրակցված ավտոմատը, կոշիկներ, որոնց վրա գրված է Պերմյակով: Սա, իհարկե, քիչ չէ: Հարցը, սակայն, հետևյալն է. կա՞ն արդյոք այլ հանցանշաններ, որովհետև համաձայնեք, ինչ-որ մեկի ավտոմատը և կոշիկները ուրիշներն էլ կարող են տանել թողնել ինչ-որ մի տեղ:
Այնպես որ, Հայաստանի լավագույն իրավաբանները պետք է հավաքվեն գլուխ-գլխի և գտնեն իրավական ամուր հիմնավորումներ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու պահանջի համար»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
16:30 29-01-2019
Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է. Փաշինյան
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»