211652_close_icon
views-count1682 դիտում article-date 15:22 25-12-2014

Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Վաչե Գաբրիելյան - Մեծարգո պարոն վարչապետ, մենք աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել ենք և նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող: Կարող եմ կառավարությանը զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը կազմում է 3-5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է: Շուրջ 94 խանութ ամսի 16-17-ին փակված էր և չէր գործում, որովհետև սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության: Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է բոլոր տեղերում: Ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն: Մենք նաև ստացել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում: Ես ուզում եմ նշել նաև, որ կան տեղեկատվություններ և մամուլում նշվեցին, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին: Որպեսզի դիտարկման շարունակականությունն ապահովվի, մրցակցության հանձնաժողովը նայել էր խոշոր խանութների և այդ խոշոր խանութներում եղած գները ևս. ամսի 17-ին եղած պիկից զգալիորեն նվազել են և կրկին ունեն կայունացման միտում: Ինչպես նաև կայունացման միտում կար գազի լցակայանների և այլ ոլորտներում: Տեղեկատվությունը հրապարակված է և դրանից բացի, պարոն վարչապետ, խումբն աշխատանքներ է նախաձեռնել մի շարք ուղղություններով: Մասնավորապես Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ՝ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում, թե ինչպիսին է լինելու նրանց վերաբերմունքը: Եվ այս կանոնակարգումների միջոցով ավելի երկարաժամկետ հատվածով մենք արդեն վարչապետին և կառավարությանը կներկայացնենք առավել երկարատև ժամկետին ուղղված միջոցառումներ: Այժմ կարող եմ ուղղակի փաստել, որ թե գների, թե փոխարժեքի տեսակետից ունենք կայուն իրավիճակ և մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման և վաճառքի գների տարբերությանը, ստադարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն: Վարչապետ Հովիկ Աբրահամյան - Մեր պայմանավորվածության արդյունքում աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարծում եմ, որ պարբերաբար հասարակությանը, հանրությանը պետք է ներկայացնել առկա գործընթացները: Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել նիստի օրակարգի հարցերի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր