ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ալժիրի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Ալժիրի
Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր
դեսպան Սմաիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա): ԱԺ նախագահը շնորհավորել է
Սմաիլ Ալլաուային Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ
նորանշանակ դեսպանը կնպաստի երկու պետությունների հարաբերությունների
զարգացման եւ խորացման գործին:
Կարեւորելով Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը՝ ԱԺ նախագահը նշել է,
որ ի տարբերություն արաբական այլ պետությունների՝ հայ-ալժիրյան
հարաբերությունները ցանկալի մակարդակով առաջընթաց չեն արձանագրել: Նա փաստել է
նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ալժիրյան
փոխգործակցության կայացման ու ամրապնդման գործընթացում՝ կարեւորելով
խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման
գործում: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Միջին Արեւելքում
ծավալվող իրադարձությունների վերաբերյալ՝ կարեւորելով հակամարտությունների
բացառապես խաղաղ երկխոսության ճանապարհով լուծումը: Անդրադառնալով Լեռնային
Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահը կարեւորել է փոխվստահության մթնոլորտի
ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որը
Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման պատճառով բերում է լարվածության աճ եւ նոր
զոհեր:
Երախտագիտություն հայտնելով արաբ ժողովրդին Ցեղասպանությունից փրկված հայ
գաղթականներին ապաստանելու համար՝ Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ 2015-ի
ապրիլին Երեւանում կայանալիք միջոցառումների մասին:
Դեսպան Սմաիլ Ալլաուան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,
կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների
հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Նա կիսել է ՀՀ ԱԺ
նախագահի մտահոգությունը տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների եւ
Սիրիայում ու Իրաքում ապրող քրիստոնյա բնակչության անվտանգության պահպանման
վերաբերյալ:
Նորանշանակ դեսպանը նշել է, որ տարիներ առաջ երկու երկրների միջեւ սկսված
համագործակցությունը չի շարունակվել, եւ այսօր պետք է ջանքեր գործադրել,
որպեսզի զարգանա քաղաքական երկխոսությունը, երկու երկրները միավորեն ջանքերը
տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են Հայաստանի եւ Ալժիրի միջեւ
համագործակցության զարգացման առկա ներուժի մասին՝ հույս հայտնելով, որ
քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում առկա ներուժը լավագույնս
կօգտագործվի առաջիկա տարիներին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն