Կոտայքի մարզկենտրոն են այցելել ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները
Կոտայքի մարզից զորակոչված զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումների շարքը համալրվել է ևս մեկ տոնական միջոցառմամբ: ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի նախաձեռնությամբ մարզից զորակոչված 64 զինծառայողներ մարզկենտրոնում հանդիպել են իրենց ծնողների հետ, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի Կեչառիս վանական համալիրի վանահայր՝ Տեր Շահան քահանա Միրզոյանի օրհնության խոսքով: Մարզպետարանում կայացած հանդիսության մասնակիցներին ողջունել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Նա իր խոսքում անդրադարձել է նմանատիպ ձևաչափով, արդեն իսկ չորրորդ անգամ, մարզում իրականացվող միջոցառումների անհրաժեշտությանը և այդ ձեռնարկները համարել մարզային առօրյայի կարևորագույն իրողություններ: Համերգային ծրագրի շրջանակներում իրենց կատարումներով զինծառայողներին ողջունել են Կոտայքի մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
Հանդիսության ավարտին կորպուսի հրամանատարի հրամանով մարզից զորակոչված լավագույն զինծառայողներն արժանացել են նաև համապատասխան խրախուսանքի: