211652_close_icon
views-count820 դիտում article-date 18:50 07-12-2014

Եվրոպայում անցկացվեց Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

Դեկտեմբերի 6-ին՝ Փարիզում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Խորհրդակցությանն անդրադարձ արվեց հունիսին Երևանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2014թ. կատարված աշխատանքները, նախօրեին Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները և համապատասխան հանձնարարականներ տվեց՝ հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հանդիպման օրակարգում էր ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Խորհրդակցության մասնակիցները անդրադարձան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը։ Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկեցին արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։ Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության՝ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր