Ռիբերիի միակ գոլը օգնեց «Բավարիա»-ն հաղթել «Բայեր»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 15-րդ տուրում առաջատար «Բավարիա»-ն սկզբունքային մրցավեճում 1:0 հաշվով հաղթեց վերին հորիզոնականների համար պայքար մղող Լևերկուզենի «Բայեր»-ին: Ահամառ և անզիջում պայքարում ընթացած խաղի ելքը վճռվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ Խաբի Ալոնսոյի գլխով փոխանցումից հետո Ֆրանկ Ռիբերին հուժկու հարվածով ձեռնունայն թողեց Բերնդ Լենոյին:
«Բավարիա»-ն իր 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, իսկ թիմի դարպասապահ Մանուել Նոյերին հաջողվեց 5-րդ անընդմեջ խաղում անառիկ պահել սեփական դարպասը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան թիմը 15 խաղից հետո սեփական դարպասը ընդամենը 3 գոլ է բաց թողել, իսկ մրցակիցների դարպասը գրավել է 33 անգամ:
Գվարդիոլայի սաները 36 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ը առաջատարին զիջում է 7 միավորով: Ինչ վերաբերվում է «Բայեր»-ին, ապա «ասպիրինայինները» 23 միավորով 4-րդն են:
[b]«Բավարիա» - «Բայեր»՝1:0[/b]
Գոլ՝ Ռիբերի 51՛