211652_close_icon
views-count7649 դիտում article-date 23:13 05-12-2014

«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում». Գագիկ Ծառուկյան. տեսանյութ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորներն ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին: Հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն ամփոփեցին գրասենյակների կատարած աշխատանքներն ու քննարկեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը՝ ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ համաժողովրդական շարժումն օրեցօր նոր թափ է հավաքում. ժողովրդի՝ սպասվածից մեծ ոգևորությունը պարտավորեցնում է չսխալվել և հուսախաբ չանել: «Ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ արժանապատիվ ապագա. այս նպատակն է, որ յուրաքանչյուր օր համաժողովրդական շարժման շուրջ է համախմբում առավել մեծ թվով քաղաքացիների: Նրանք բոլորն իրենց կյանքում փոփոխություններ են ուզում»,-մասնավորապես, նշեց Գագիկ Ծառուկյանը: Սկիզբ առած համաժողովրդական շարժումն իր առջև խնդիր է դրել հասնել արմատական փոփոխությունների ու նոր իշխանության ձևավորման: Այդ ճանապարհին ակտիվ մասնակցություն ունենալու վճռականություն են հայտնում ոչ միայն քաղաքական տարբեր ուժեր, անհատներ ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այլև Սփյուռքում բնակվող հարյուր հազարավոր հայեր: «Ծառուկյան ազգանունը չի վաճառվում, փոխանցե՛ք ժողովրդին, որ իմ հանդեպ ունեցած անվերապահ վստահությունն ու հավատը մինչև վերջ պահպանելու եմ»,-դիմելով թիմակիցներին՝ նշեց կուսակցության ղեկավարը: «Սա բոլորիս պայքարն է՝ հանուն բարեկեցիկ ապրելու իրավունքի, հանուն Հայաստանի զարգացման»,-իր խոսքն ամփոփեց Գագիկ Ծառուկյանը՝ վստահ լինելով, որ համաժողովրդական շարժումը չի պարտվելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր