Արտենի համայնքում շահագործման հանձնվեց խմելու ջրատար
Օրերս Արագածոտնի մարզում շահագործման հանձնվեց Արտենի համայնքի խմելու ջրատարը: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի և համայնքի համատեղ ուժերով:
Ջրամատակարարման ցանցի բարելավման շնորհիվ բոլոր տնային տնտեսություններն այժմ ունեն օրական մինչև հինգ ժամ ջրամատակարարում: Ջրամատակարարման ցանցի բարելավման հետ մեկտեղ, բոլոր տնային տնտեսություններում ջրաչափեր տեղադրելով, բարելավվել է նաև սպառվող ջրաքանակի հաշվառման գործընթացը՝ հնարավորություն տալով ճշգրիտ հաշվառել բնակիչների կողմից փաստացի օգտագործվող ջրաքանակը:
Հին ցանցի փոխարինման շնորհիվ նշանակալիորեն լավացել է թե ջրի որակը, թե ճնշումը, և մինչև հիմա համակարգի ոչ մի էական թերություն կամ վթար չի արձանագրվել:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ մոտ ապագայում նախատեսվում է ավելացնել ջրամատակարարման ժամերը. տեղադրվելու է ջրի նոր, ավելի արդյունավետ պոմպ, որը շուրջօրյա ջրամատակարարման հնարավորություն կտա: