Պուտինը գրոհի է անցել. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ գրոհի է անցել, հաղորդում է Georgia Online-ը:
Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, որ ռուսական իշխանությունները Աբխազիայի հետ ռազմավարական համագործակցության և դաշինքի մասին պայմանագիր կնքեցին, որպեսզի ծրագրված անեքսիայի ենթարկեն Եվրոպայի ռազմավարական նշանակության մի մասը՝ Աբխազիան:
«Աբխազիայի ծովափնյա երկայնքը կազմում է 250 կմ: Վրաստանի այդ գողտրիկ անկյունում կան մի քանի նավահանգիստներ: Աբխազիան ոչ միայն Վրաստանի կարևորագույն հատվածներից է, այն նաև ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար: Եվ այս ընթացքում Պուտինը Սուխումի առաջնորդի հետ, այսպես կոչված, պայմանագիր է ստորագրում, որը կարելի է գնահատել՝ որպես քայլ՝ ուղղված Վրաստանի իրական տարածքի զավթմանը»,-ասել է նա: