2220 դիտում
17:13 03-12-2014
ԵՊՀ դասախոսների արձագանքը` Երուսաղեմի Հայոց պատրիարքի` Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակի առնչությամբ
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված նամակի վերաբերյալ հայտարարություն են տարածել Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Համացանցից իմացանք Ձերդ սրբազնության և Նորին Սուրբ Օծություն Ամենայն հայոց Վեհափառ Տեր Տեր Գարեգին Բ կաթողիկոսիմիջև ծագած անհամաձայնությունների ուանհաշտության մասին և խոր ցավ ապրեցինք: Միշտ էլ երկպառակությունն ու անմիաբանությունը չարիք են եղել մեր ժողովրդի համար, բայց այս գժտությունը և´ ցավալի է, և´ զարմանալի:
Դուք, Ամենապատիվ Սրբազան, մեղմ ասած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ պարկեշտության շրջանակներում չտեղավորվող Ձեր բանավեճում թույլ եք տվել հայ հոգևորականին, առավել ևս՝ գերաշնորհ հորը և հոգևոր առաջնորդին, մեղմ ասած, ոչ պատշաճ արարք: Արժե՞ արդյոք հիշեցնել, որ Ձեր դիմաց ոչ թե Ձեր խաղընկերն է կամ տարեկիցը, Ձեր մատնանշած «ողբերգություն» կամ «վայրահաչ բերան» ինչ-որ սրբազան, որևէ շարքային վաճառական հոգևորական (որպիսիք, ցավոք, կան մեր իրականության մեջ թե՛ Պոլսում, թե՛ Էջմիածնում, թե՛ Երուսաղեմում և այլուր), այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայոց Սուրբ Առաքելական եկեղեցու ընտրյալ և օծյալ իրական գլուխը, որին Դուք նույնպես խելամտորեն որակում եք «Հայր Ամենեցուն» պատվանունով: Մերխորին համոզմամբ՝ նրա գահակալությունը և մեկ ու կես տասնամյակի գործունեությունը պետք է գնահատվեն, համենայն դեպս, ո՛չ Ձեր նախընտրած բառապաշարով և այն էլ համացանցում: Ժողովուրդն ինչո՞ւ պիտի իմանա, որ իր սրբազան հավատի երկու սյուները գժտություն ունեն կամ կրտսերը վիրավորում է երեցին:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Սրբոց Հակոբյանց նվիրապետական Միաբանության տարաձայնությունները հարթելու, առհասարակ հայ եկեղեցու վիճահարույց խնդիրներին բարեկիրթ լուծում տալու և աշխարհաքաղաքական ներկա պայմաններում հայ եկեղեցու՝ մեր ժողովրդին և պետականությանն անհրաժեշտ միասնականությունն ապահովելու բազմաթիվ միջոցներ կան: Մինչդեռ ընտրվել է մեր հոգևոր բարձրագույն իշխանությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և նրա գլխավորին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վարկաբեկելու ամենից վատ, հայորեն ու մարդկայնորեն անընդունելի և նույնիսկ դատապարտելի եղանակը:
Կաթողիկոսը վերանձնական անհատականություն է, իսկ Դուք նրան հղում եք անձը և մարդկային արժանապատվությունը վիրավորող անպարկեշտ հայհոյանքներ, մի բան, որ, ինչքան հայտնի է, յոթ մահացու մեղքերից մեկն է: Չէինք կամենա հիշել և կրկնել Ձեր որակումները և հանձին Ձեզ տեսնել մեղսագործ-մեղավորի, որովհետև սաղիմահայության հետ միասին Ձերդ սրբազնության վարքագծին են հետևումի Քրիստոս հավատացյալ աշխարհացիր հայ ուխտավորների բազմությունները գոնե տաղավար տոներին: Նրանք, անշուշտ, հավատում ու վստահում են Երուսաղեմի միաբանությանը և ամենից առաջ՝ Ձերդ պատրիարքական սրբազնությանը:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կպատահի, եթե, Աստված մի՛ արասցե, Ձեր վարքագծի պատճառով խախտվի ուխտավորների հավատը, Երուսաղեմից հայերի արտագաղթը շատանա, և դեպի Երուսաղեմի սրբատեղիներ հավատացյալների հոսքը նվազի կամ դադարի, եթե Սուրբ Հակոբը, որը ներառում է Գլխադիրը՝ Հակոբոս Տյառն եղբոր մասունքները, հռչակավոր գանձատունը, և որոնց հարևանությամբ հենց Երուսաղեմի Հայոց Պատրարքարանն է տեղավորված, Սուրբ Հարությունը (որ ներառում է համաքրիստոնեական սրբություններ՝ Տիրոջ՝ Հիսուսի թափուր գերեզմանն ու պատանաքարը, տանջարանները, Գողգոթան և հայոց Վերնամատուռն ու տեսչարանը. և որքան հայտնի է, համաքրիստոնեական գլխավոր սրբատեղիում հայոց չափաբաժինն ամենամեծն է կաթոլիկների և օրթոդոքսների համեմատությամբ), Սուրբ Հրեշտակապետաց վանքը, որ աննման է իր ճարտարապետական հորինվածքով, Սուրբ Թորոսը (որտեղ ավելի քան չորս հազար ընտիր մագաղաթյա ձեռագրեր են պահվում՝ ներառյալ Թորոս Ռոսլինի ու Սարգիս Պիծակի անգնահատելի մանրանկարները), Ամենափրկիչը, Սուրբ Բեթղեհեմը, Սուրբ Նիկողոսը, Աստվածամոր տաճարը, Յաֆայի Սուրբ Գրիգորը, Ձիթենյաց լեռան և առհասարակ Հայ Երուսաղեմի մյուս սրբատեղիները հայ ուխտավորներ չունենան: Դրանք բոլորը կան շքանան պարզապես, որովհետև կդադարեն ուխտավորների հոսքն ու նրանց նվիրատվությունները:
Համազգային այս աղետը պետք է խելամտորեն կանխել:
Հավատակից ու եղբայրակից գերաշնորհ հայրերի միջև մեզ չենք վերապահում դատավորի դեր ոչ միայն «Մի՛ դատիր, որ չդատվես» կարգախոսից ելնելով, այլև առաջնորդվում ենք հայ ժողովրդի և հայ Առաքելական եկեղեցու ճշմարիտ միաբանության, հայության հոգևոր համախումբ միասնականության շահով, որը, հասկանալի է, չի կարող անձնական բնույթ ունենալ:
Իզուր եք կարծում, թե Ամենայն Հայոց Վեհափառը, էջմիածնականները և ներքո ստորագրյալներս չենք պատկերացնում ու արժևորում 5-րդ դարում ավելի քան 70 հայ քրիստոնեական եկեղեցի ունեցած և հետագա դարերում արաբների, հրեաների, թուրքական տիրապետության, կաթոլիկների, հունադավանների, ռուս ուղղափառների, ղպտիների, ասորիների հետ ունեցած բարդ հարաբերություններում անդառնալի կորուստներ տված զինվորյալ միաբանության ամենօրյա կռիվները գոնե այժմ մեզ պատկանող հոգևոր-մշակութային արժեքների և պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության համար: Գիտենք, որ ամենօրյա կռիվ կա նաև Սուրբ և Անմահ Պատարագի, ժամերգությունների տևողության և սրբատեղիներում հայոց օրեցօր սահմանափակվող իրավունքների համար: Այդ պայքարում մենք եթե շահում ենք ու մնում կանգուն, ապա Երուսաղեմի միաբանների անձնվեր գործունեության և այլադավանների ու հրեական պետության հետ Ձեր իսկ վարած խելամիտ քաղաքականության շնորհիվ:
Այս ամենով հանդերձ՝ չենք բացառում, որ որոշ հարցերում Ձեր դժգոհությունը գուցե և մասամբ ունի իրական հիմքեր, քանի որ բոլոր ընտանիքներում, անգամ հարազատ եղբայրների միջև կարող են ծագել գույքային կամ իրավական ինչ-ինչ վեճեր: Բոլոր հարցականներն այս կամ այն լուծումն ունենում են, բարի կամքի դեպքում՝ անլուծելի թվացող հարցերն անգամ: Խելացիության արտահայտություն չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մամուլով կամ համացանցով անձնական բնույթի վիրավորանքներ հասցեագրելը և Նարեկացու ասած. «դրժել դաշինքը և չնչին բաների ետևից ընկած՝ կարևորներից անդարձ զրկվելը»: Դրա փոխարեն՝ իրեն խելացի համարող գերաշնորհ հոգևոր հոր համար մեծ դժվարություն չէր լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսին անձամբ հանդիպելն ու վիճահարույց հարցերը համատեղ քննարկելը: Այդ պարագայում հավանաբար կգտնվեն փոխադարձ ընդունելի լուծումներ կամ դրանց տարբերակներ, և եթե դրանք նույնիսկ անմիջաբար չլուծվեն, ապա ժամանակը կհասունացնի նրանց լուծման անհրաժեշտությունը:
Ամենապատիվ սրբազան, Պատրիարք հայր հայոց Երուսաղեմի, հավատում ենք Ձեր ողջամտությանը և հույս հայտնում, որ Դուք ամեն ջանք կներդնեք կնճիռները հարթելու, Էջմիածնի և Երուսաղեմի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Չէ՞ որ Դուք էլ եք համոզված, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Ձեզ և բոլորիս համար եղել է, «կմնա և միշտ պիտի մնա աղբյուր ներշնչման և հույսի»: Իսկ հայ եկեղեցու գլուխ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Դուք էլ անվանում եք «Հայր Ամենեցուն», իրոք մեծահոգի է և անոխակալ, պատրաստ՝ արդարացի վճիռներ կայացնելու հանուն հայ եկեղեցու ամրապնդման և նրա ճյուղավորումների համերաշխ գործունեության:
Ուրեմն, ի՞նչն է խանգարում Վեհափառ Տիրոջ հետ Ձեր հոգևոր օրինակելի եղբայրությանը և հանուն հայ եկեղեցու հզորության Էջմիածնի ու Երուսաղեմի համերաշխ համագործակցությանը, որ բխում է հայության թե՛ օրախնդիր հրատապ, թե՛ հեռանկարային շահերից:
Հուսով ենք՝ կհաղթանակեն ողջամտությունն ու երկուստեք հոգևոր միասնության ազնիվ ձգտումը, և շատ շուտով կփարատվեն մեր ցավն ու զարմանքը:
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
11:38 18-09-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
1146 դիտում
23:13 11-11-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Այս բաժնից
556 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ