Հասմիկ Պողոսյանը ՌԴ մշակույթի նախարարի հրավերով կայցելի Ռուսաստան
Ս. թ. դեկտեմբերի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում կկայանա ՌԴ «Մշակույթի տարվա» գլխավոր իրադարձությանը` Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովը, որին ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու և Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Մ. Պիոտրովսկու հրավերով կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը:
Համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ, ՌԴ նախագահի աշխատակազմի և կառավարության ներկայացուցիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների, համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային կառույցների ղեկավարներ, մշակույթի և արվեստի, կրթության և գիտության ականավոր գործիչներ, միջազգային մշակութային համագործակցության ոլորտի փորձագետներ:
Համաժողովի շրջանակում կնշվեն նաև աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկի` Պետական Էրմիտաժի 250-ամյա և Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկու 70-ամյա հոբելյանները, որոնք կուղեկցվեն մի շարք հանդիսավոր արարողություններով:
Միջոցառման ընթացքում կստորագրվի նաև Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև 2015 թ. աշխատանքային ծրագիրը:
Գործուղման ընթացքում Հ. Պողոսյանը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի ազգագրական և Ռուսական թանգարաններ, որտեղ 2015 թ. կկազմակերպվեն հայկական ցուցահանդեսներ: