ՄԱԿ-ը Լոռիում խոշոր ծրագիր կիրականացնի
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային գործակալության գործընկերությամբ ու աջակցությամբ խոշոր ծրագիր են նախատեսում իրականացնել, որը կվերաբերի երեխաների՝ ընտանիքներում ապրելու իրավունքի վերականգնմանը, երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելուն և նոր մուտքերը կանխելու խնդիրներին՝ կանխարգելման բաղադրիչով:
ՀՀ սոցապնախարարի խնդրանքն է եղել ուսումնասիրությունների ընթացքում հատկապես լուրջ ուշադրության արժանացնել որդեգրության համակարգը՝ ոչ միայն օրենսդրական տեսանկյունից, այլև գործնական, քանի որ, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, ի տարբերություն տեղական որդեգրումների, օտարեկրյա որդեգրումները համեմատաբար շատ են և խնդիր կա գործնականում պարզելու՝ որոնք են պատճառները: