211652_close_icon

Տարոն Մարգարյանի կարգադրությամբ վերահսկողություն կսահմանվի մանկապարտեզների սննդի որակի նկատմամբ

views-count685 դիտում article-date 16:28 24-11-2014
Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կշարունակվեն անակնկալ ստուգայցերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել և խստորեն հետևել հատկապես երեխաների սննդի կազմակերպմանը: «Այս հարցում մեր մշտական հետևողականությունն առանձնակի է կարևորված, ըստ այդմ՝ ակնկալում եմ ձեզանից խստորեն ստուգել հատկապես երեխաներին մատուցվող սննդի համապատասխանությունը սահմանված բոլոր չափորոշիչներին: Անգամ ամենափոքր խախտման արձանագրումն անհետևանք չպետք է մնա: Սա պահանջ է, որին պարտավոր են հետևել անխտիր բոլորը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված ապօրինաշինության 4 դեպք, նախկինում հայտնաբերված 3 դեպքերով էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման ուղղությամբ: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ տարեկան ծրագրով ընթացքի մեջ են փողոցների ասֆալտապատման, ճաքալցման ու փոսանորոգումների աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ 2014թ.-ին նախատեսված 25 հիմնանորոգվող փողոցներից 23-ում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ խստացվել է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված շրջայցերին մասնակից են դարձել նաև Երևանի ավագանու երեք՝ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների անդամներն ու լրատվամիջոցները: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ: Ընդառաջելով մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին՝ մայրաքաղաքում ևս վեց կայանատեղեր են առանձնացվել ու կահավորվել տաքսիների կայանման համար: Զեկուցվել է նաև, որ նոր վայրերը ևս ընտրվել են վարորդների առաջարկությամբ: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ: Հանձնարարվել է ակտիվացնել գործընթացն ու հսկողություն սահմանել տերևների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կոնսերվացնել մայրաքաղաքում գործող բոլոր ցայտաղբյուրները՝ սառեցման հավանականությունը բացառելու համար: Քաղաքապետարանի ենթակայության ուսումնական, մշակութային ու առողջապահական հաստատություններում հակահրդեհային համակարգերի ուսումնասիրման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, գնահատել ներկա վիճակն ու վերը նշված հաստատություններում անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Խորհրդակցության ընթացքում Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ վերջին շրջանում մայրաքաղաքում հաճախակի են դարձել ձևավոր նստարանների ու աղբամանների կոտրելու դեպքերը: Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել քաղաքային գույքի պահպանման ուղղությամբ և բացառել նման դեպքերը: «Հարազատ քաղաքի բարեկարգ ու ներկայանալի տեսքի պահպանման գործում ոչ պակաս դերակատարում ունի նաև մեր բնակիչների հոգատար ու սրտացավ վերաբերմունքն իրենց բնակավայրի նկատմամբ: Եվ այն ամենն, ինչ արվում է այսօր Երևանում քաղաքապետարանի ծրագրերով, արվում է հենց քաղաքի բնակիչների հարմարավետության ապահովման համար: Ըստ այդմ՝ ակնկալում եմ, որ նման դեպքերում մեր սրտացավ համաքաղաքացիները ևս կունենան իրենց զսպիչ դերակատարումը՝ քաղաքային գույքը վնասողների նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր