Ախալքալաքի շախմատիստները նոր հաջողությունների են հասել
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Շախմատի տանը մեծարել են Շախմատի շրջանային մրցաշարում լավագույն արդյունք գրանցած շախմատիստներին: Սոնա Կարախանյանը և Ասյա Գաբրիելյանը նոյեմբերի 10-11-ին Շախմատի շրջանային մրցաշարում գրավեցին առաջին և երկրորդ տեղերը: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Դիլիսկայի Սբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:
Վերջինս գնահատանքի իր խոսքում կարևորեց շախմատի դրական ազդեցությունը երեխաների կյանքում և մանկական Աստվածաշունչ մատյաններ նվիրեց երեխաներին` կարևորելով ոչ միայն շախմատի իմացությունը, այլև հոգևորը:
Գյուղի լիազոր էդգար Կարախանյանը և Տեր Տիգրանը կրկնակի պատվոգրեր և փոքրիկ խրախուսական նվերներ հանձնեցին հաղթողներին, իսկ մասնակիցներին շնորհակալագրեր:
Միջոցառումն ավարտվեց Տերունական աղոթքով: