3014 դիտում
14:23 03-12-2016
Հայաստանը մեծ հաջողությունների է հասել ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման գործում. ՀՀ ԿԲ
Շվեդիայում նոյեմբերի 28-ին անցկացված Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) «Global inclusion» (Գլոբալ ներգրավվածություն) մրցանակաբաշխությունում Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային հաղթող:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, գրավել է առաջին տեղը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ներկայացնել այն երկրներին և կառույցներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության և ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում:
Հայաստանը 2016 թ. առանձնացել է ֆինանսական, սոցիալական և կյանքի որակի բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ: Մրցանակը տրամադրվել է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման և արդյունավետ կիրառման, ինչպես նաև «Իմ Ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական և որակական ցուցանիշների աճի համար:
Մրցանակը տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնին:
Նշենք, որ 2016 թ. ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր, ուղղված ֆինանսական կրթման մակարդակի բարձրացմանը: Սկսվել են դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրման աշխատանքները, գյուղական համայնքներում իրականացվում է «Ֆինանսական կրթում» ծրագիրը, իրականացվում է «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագիրը և այլ կրթական միջոցառումներ: Ակտիվ ընդգրկվածություն ապահովել է նաև սոցիալական ցանցերի միջոցով ֆինանսական իրազեկումը:
Ընդհանուր առմամբ, 2016 թ. ընթացքում կազմակերպված ծրագրերին ընգրկվել են մոտ 70000 մարդ՝ աշակերտներ, ուսանողներ, գյուղաբնակ համայնքների բնակիչներ և այլն:
Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը (Child & Youth Finance International) ֆինանսական կրթման և ներգրավվածության ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից է, ով կրթել է շուրջ 36 միլլիոն երեխաների և երիտասարդների ամբողջ աշխարհում՝ գործակցելով տարբեր երկրների և կառույցների հետ և իրականացնելով տարբեր ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր, որոնց թվում է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը: Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, ակտիվ գործակցում է վերջինիս հետ:
[b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
958 դիտում
15:41 08-06-2024
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել պետական սահմանի հաստատման գործում․ Ալիև
780 դիտում
14:04 13-11-2014
Գործադիրը հավանության է արժանացրել ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը
2090 դիտում
22:20 26-06-2018
Սեփական գումարները կառավարել իմացող սերնդի ակնկալիքով 350 դպրոցում ներդրվում է ֆինանսական կրթման ծրագիրը
Այս բաժնից
1258 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
775 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
904 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ