211652_close_icon
views-count1768 դիտում article-date 17:27 22-11-2014

Դավիթ Սանասարյանը հացադուլը դադարեցրեց, իսկ հերոս տղաների մասին խոսելու ընթացքում չկարողացավ զսպել արցունքները

Խոցված ուղղաթիռի տղաների մարմինների վերադարձման պահանջով ԵԱՀԿ շենքի դիմաց հացադուլ հայտարարած «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը: Նշենք, որ 6 օր է, ինչ վերջինս հացադուլի մեջ էր: Նա լրագրողների հետ զրույցում չէր կարողանում զսպել հուզմունքը եւ խոսքի ընթացքում նաեւ արտասվում էր: Խնդրեց իրեն չգովաբանել եւ չհերոսացնել, քանի որ հերոսները ընկած են: Նշեց նաև, որ խոնարհվում է նրանց առաջ, որպես նախկին հետախույզ: Իսկ Հայոց բանակը, նրա խոսքով, ցույց տվեց, որ ուժեղ է եւ հավերժ՝ հայ ժողովրդի մեջքին կանգնած: Մինչ այդ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ Փա՛ռք իրենց, ամրություն՝ հարազատներին, բարձր ոգի՝ զինվորներին, շնորհակալություն՝ մեր հետախուզությանը: ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրս բերումը ուրախություն չէ, այլ պատվի մի փոքր վերականգնում»: Ինչպես նաեւ նկատեց, որ տղաների դիերը դուրս բերվեցին նոյեմբերի 22-ին, քանի որ այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը է: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 17-ին, ի նշան բողոքի, ուղղաթիռի օդաչուների դիերի վերադարձման՝ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հացադուլ էր սկսել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի՝ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման: Սա միայն Պն-ի անելիքը չէ: Ժողովուրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում, կամ մեր ամենօրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ է, դա նրանց օրուգիշեր սառելու, խիզախության շնորհիվ է, իսկ մենք ի՞նչ ենք անում, երբ մեր 3 զոհված տղերքի դիերը դեռ կենդանիների հոշոտման վտանգի տակ են... Միայն կուրծք ծեծելով ֆեյսբուքյան էմոցիոնալ գրառումներ անելը, գազը թողելու պես մի բան է.... Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն է, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ... Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները, ի՞նչ են արել մինչ օրս, որ խաղաղ ձևով ուղղաթիռի անձնակազմը հետ բերենք....եթե մի բան էլ արել են, շատ քիչ է, տղաները դեռ հոշոտման վտանգի տակ են, եթե արդեն չի եղել... Դրա համար, անվերապահորեն վստահելով հանդերձ մեր բանակին, վրդովմունքս ու պահանջս հայտնում եմ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջ և հայտարարում անժամկետ հացադուլ, քանի դեռ տղերքն ընկած են գելի երախի առաջ: Որպես զորացրված հետախույզ և պարզապես հայ զինվոր, հորդորում եմ ՊՆ-ին սա չընդունել սադրանք, ու զբաղվել սեփական գործով, չշտապելով՝ որպեսզի սխալներ չլինեն: Ես հավատում եմ ձեր սառը ու թարմ որոշումներին»:

Նմանատիպ նյութեր