Հայ առաքելական եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ
Նոյեմբերի 21-ին Հայ Եկեղեցին նշելու Ս. Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնը:
Ժամը 10:30-ին Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի ս. պատարագ:
Ըստ ավանդության` Ս. Տիրամոր երեք տարին լրանալուց հետո նրա աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, իրենց ուխտի համաձայն, Ս. Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որը Հուստինիանոս կայսրը Ս. Մարիամ Աստվածածնի պատվին կառուցել է հին հրեական տաճարի տեղում, Մորիա բլրի վրա:
Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, և դրանից հետո տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Ս. Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել 18-րդ դարում: