211652_close_icon
views-count956 դիտում article-date 17:55 20-11-2014

Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը

Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի նիստը սկսել է քվեարկություններով եւ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց թվում են նաեւ հանրային հնչեղություն ստացած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծերը, որոնք ընդունվել են երկրորդ ընթերցումով: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթների ընդունումը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանն անդրադարձել է երկրում առկա սոցիալական խնդիրներին, գործազրկությանը եւ այս համատեքստում կարեւորել սոցիալական աջակցության ոլորտի իրական բարեփոխումները: ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը կարծիք է հայտնել, որ օրինագիծը դեկլարատիվ բնույթ է կրում եւ նշել, որ իրենք կողմնակից են սոցիալական բնագավառի խնդիրները թիրախավորված եւ հասցեական լուծելու քաղաքականությանը: Եզրափակիչ ելույթում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ սոցիալական աջակցությունը համայնքային ծառայություն է, եւ քաղաքացին սոցիալական պաշտպանվածությունը պետք է զգա իր բնակավայրում: Նա կարեւորել է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը, որն առավել մատչելի կդարձնի քաղաքացու համար սոցիալական ծառայությունից օգտվելը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», երրորդ ընթերցմամբ՝ «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքների նախագծերը: Սպառելով օրակարգը՝ արտահերթ նիստն ավարտել է աշխատանքը: Քննարկված օրինագծերի քվեարկությունը, համաձայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանին ուղղված գրության, կիրականացվի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:

Նմանատիպ նյութեր