211652_close_icon
views-count929 դիտում article-date 14:18 13-11-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կոչը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԱԺ նախագահի ելույթում ասվում է. «Հարգելի գործընկերներ, Երեկ ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ուղղաթիռը: Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության միջնորդական ջանքերը եւ հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում են խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման եւ ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի, հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել եւ առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով: Հարգելի պատգամավորներ, ուսումնավարժական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհվել են ԼՂ պաշտպանական բանակի երեք զինծառայողներ՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ լեյտենանտ Ազատ Սահակյանը: Մեկ րոպե լռությամբ հարգենք զոհված զինծառայողների հիշատակը»:

Նմանատիպ նյութեր