211652_close_icon
views-count620 դիտում article-date 20:33 07-11-2014

Կայացել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստը

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծի նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ միացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը: Կստեղծվի նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Օրակարգի երկրորդ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը նշել է, որ այն միտված է համապատասխանեցնելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Նախագծով նախատեսվում է իրացնել Սահմանադրության այն դրույթը, որով հռչակվում է, որ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այլ ակտերով: Նա նշել է, որ իրենք ընդունել են կառավարության առաջարկը եւ Սահմանադրության համապատասխան դրույթով ձեւակերպել «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքի 78-րդ հոդվածը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Նմանատիպ նյութեր