6413 դիտում
16:33 01-11-2014
Խաղում են բոլորը, հաղթում է «Բավարիա»-ն
Այն, որ Բունդեսլիգան իր դիտարժանությամբ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկն է, դա փաստ է: Սակայն վերջին երկու տարիների ընթացքում գերմանական ֆուտբոլի էլիտար առաջնությունում չեմպիոնության համար մղվող պայքարը «մահացել» է: Խաղում են բոլորը, իսկ արդյունքում հաղթում է «Բավարիա»-ն: Մյունխենյան սուպերակումբը վերջին երկու մրցաշրջաններում մեծ առավելությամբ իր թիկունքում թողեց բոլոր մրցակիցներին և առաջնությունից 7-8 տուր առաջ վաղաժամ կերպով ձևակերպեց իր հերթական չեմպիոնությունները: Իհարկե, նման կանխատեսելիությունը ոչ մի լավ բան չի խոստանում Բունդեսլիգային, քանի որ առաջնության նկատմամբ մարում է հետաքրքրությունը: Այո, առանձին վերցված խաղերում գերմանական առաջնությունը իր բարձրության վրա է, սակայն առաջին հորիզոնականի համար պայքարում ամեն ինչ անփոփոփոխ է:
Այդպես եղել է գրեթե միշտ, սակայն վերջին տարիներին չեմպիոնության համար պայքարին կարողացավ լրջորեն միջամտել Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը 2011 և 2012 թվականներին նվաճեց արծաթյա սկուտեղը, իսկ 2012 թվականի Գերմանիայի գավաթի եզրափակիչում 5:2 հաշվով խայտառակ պարտության մատնեց «Բավարիա»-ին: Իրադարձությունների նման ընթացքը գերմանական ֆուտբոլը նոր մակարդակի վրա բարձրացրեց և ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց գերմանական երկու գրանդների անզիջում պայքարի վրա:
Ինչպես և սպասվում էր, «Բավարիա»-ն «կուլ» չտվեց այդ նսեմացումը և դրան հաջորդած երկու մրցաշրջաններում գործի դրեց իր ամբողջ հզորությունը և այնպիսի մեծ առավելությամբ գերազանցեց իր գլխավոր մրցակցին, որը այն կհերիքեր մի քանի առաջնության համար: Եվ իհարկե, ամենացավոտ պարտությունը «Բավարիա»-ն իր անհաշտ մրցակցին հասցրեց 2013 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Սակայն մյունխենյան գրանդը չբավարարվեց խաղադաշտում իր մրցակցի նկատմամբ ունեցած առավելությամբ: «Բավարիա»-ն բոլոր ուղղություններով սկսեց «քանդել» «Բորուսիա»-ին:
Գերմանիայի ամենահեղինակավոր ակումբը մեկը մյուսի հետևից «մագնիսով» իր կողմը քաշեց դորտմունդյան թիմի գլխավոր առաջատարներին՝ Մարիո Գյոտցեին, իսկ հետո՝ Ռոբերտ Լևանդովսկուն: Այժմ խոսակցություններ են պտտվում, որ Մյունխեն կարող է ուղևորվել նաև «Բորուսիա»-ի մեկ այլ առաջատար՝ Մարկո Ռոյսը: Գերմանական որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, նման մտահաղացմանը դեմ է «Բավարիա»-ի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, ով սեփական բիզնեսում պետությունից հարկերը թաքցնելու համար դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման և ներկայումս գտնվում է բանտում: Լեգենդար Ուլին ակումբի ներկայիս ղեկավարների հետ հանդիպման ժամանակ իր կոշտ դիրքորոշումն է հայտնել այդ հարցի վերաբերյալ:
«Պետք չէ թուլացնել մեր գլխավոր մրցակիցներին: Ի՞նչ է, ցանկանում եք մինչև Սուրբ ծննդյան տոներ նվաճել չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Հյոնեսը՝ ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեի հետ զրույցում:
Հյոնեսի խոսքերի մեջ ճշմարտության մեծ չափաբաժին կա: Եթե հաշվի առնենք, որ «Բավարիա»-ն ներքին առաջնությունում օրեցօր զրկվում է մրցակցությունից, ապա չի կարելի բացառել, որ նման տեմպերով նրանք կարող են ավելի վաղաժամ ձևակերպել իրենց հերթական չեմպիոնությունը: Եվրագավաթային մրցասպարեզում այդ հանգամանքը կարող է չար կատակ խաղալ «Բավարիա»-ի հետ, ինչպես դա եղավ նախորդ մրցաշրջանում, երբ բավարացիները չեմպիոնական սկուտեղը նվաճելուց հետո թուլացրին իրենց զգոնությունը և մրցաշրջանի վերջնամասում մեծ անախորժություններ ունեցան: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գործող գավաթակիրները երկու խաղի արդյունքում 0:5 հաշվով խայտառակ պարտություն կրեցին ապագա գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ից:
«Բավարիա»-ին զգոն պահելու համար ներքին առաջնությունում լուրջ մրցակից է անհրաժեշտ: Իսկ եթե ոչ Դորտմունդի «Բորուսիա»-ն, ապա էլ ո՞վ կարող է ապահովել այդ մրցակցությունը: Թվում է, թե ներկայումս այդ դերում կարող են հանդես գալ «Բայեր»-ը, Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն կամ էլ «Հոֆենհայմ»-ը: Ակնհայտ է, որ այդ թիմերից ոչ մեկը իր կարգով, կազմի ընտրությամբ և կայունությամբ ի զորու չէ լուրջ մարտահրավեր նետել մյունխենյան գրանդին: Այդ դերում ամենահամապատասխանը Դորտմունդի «Բորուսիա»-ն է, որը ընթացիկ մրցաշրջանը մեղմ ասած անհաջող է մեկնարկել:
9 տուրից հետո Կլոպի թիմը 7 միավորով գլորվել է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղը: Եվ միայն հրաշքը կարող է «Բորուսիա»-ին վերադարձնել չեմպիոնական մրցավազք: Այդպես կարող է լինել, եթե դորտմունդցիները իրենց համար շրջադարձային պահին կարողանան գոտկատեղից ներքև հարված հասցնել առաջատարին և ապացուցել, որ «Բորուսիա»-ն կենդանի է: Այդպիսի շանս այսօր նրանց կընձեռնվի: 10-րդ տուրում Կլոպը և իր սաները կփորձեն վերջ դնել անհաջող հանդիպումների շարքին: «Բավարիա»-ի հետ կայանալիք այսօրվա խաղը իսկության պահ է նրանց համար: «Բորուսիա»-ն պետք է փորձի վերականգնել իր խաթարված հեղինակությունն ու առաջնության «սպանված» ինտրիգը: Դա բխում է ոչ միայն «Բորուսիա»-ի, այլև գերմանական մյուս թիմերի և, իհարկե, ֆուտբոլասերների շահերից: Ինչպես ասում են՝ հույսը վերջում է մեռնում:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
20:40 07-05-2014
«Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի մրցակցությունից շահում են բոլորը. Վայդենֆելլեր
1234 դիտում
13:53 16-03-2014
«Բավարիա»-ն հանուն Հյոնեսի պետք է հաղթի յուրաքանչյուր խաղում. Ռիբերի
1569 դիտում
12:47 02-04-2014
Մենք լավ արդյունքի հասանք «Բավարիա»-ի հետ խաղում. Վիդիչ
Այս բաժնից
1999 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2164 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
2035 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել