ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասաժամին 19-ամյա օշականցի ուսանողը հանկարծամահ է եղել
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանողներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարան է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ֆուտբոլի պարապմունքի ժամանակ հանկարծամահ է եղել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 19-ամյա Լևոն Արամի Հայրապետյանը, ով որպես դարպասապահ էր խաղում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Լ. Հայրապետյանն ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ: Նա գերազանց սովորում էր համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: