211652_close_icon
views-count1193 դիտում article-date 12:03 29-10-2014

Մայրաքաղաքի՝ 60 մ խորությամբ նոր աղբավայրը բաժանված կլինի 5 գոտիների

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են մայրաքաղաքում նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները, որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում՝ ՎԶԵԲ-ի միջոցներով, ավստրիական «Bernard Ingenieure» խորհրդատվական ընկերության կողմից: Աշխատանքային քննարկմանն ու ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, վարչական շրջանների, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային խորհրդատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների անդամներ: «Կարևորելով կոշտ կենցաղային թափոնների հավաքման և կառավարման հիմնախնդիրները Երևան քաղաքում՝ 2012 թվականից Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել և իրականացրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացներ։ Թափոնների կառավարման հիմնախնդիրների լուծման հաջորդ քայլը քաղաքային նոր աղբավայրի կառուցումը պետք է լինի՝ դրա հետ մեկտեղ մեկուսացնելով Նուբարաշենում գործող հին աղբավայրը»,-ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը՝ ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Հանդիպման շրջանակում խորհրդատվական թիմի ղեկավար Կարլ Գրազն ու խորհրդատու Հեննինգ Վեֆելնբերգը ներկայացրել են ուսումնասիրության արդյունքում գործող աղբավայրում առկա հիմնախնդիրներն ու ինչպես նաև նոր աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված տեղանքում կատարված վերգետնյա և ստորգետնյա նախնական հետազոտությունները: Անդրադառնալով բուն աղբավայրին՝ նշվել է, որ կենցաղային և արտադրական անվտանգ թափոնների համար շուրջ 29 հեկտար տարածքում 60 մ խորությամբ նախատեսված նոր աղբավայրը բաժանված կլինի 5 գոտիների: «Մեր ուսումնասիրության նախանական արդյունքները որոշ չափով արդեն իսկ ուրվագծում են ներկա իրավիճակը: Նոր աղբավայրն էապես կբարձրացնի մարդկանց կենսամակարդակն ու, անշուշտ, կունենա իր բնապահպանական մեծ նշանակությունը: Հաշվի առնելով նոր աշխատատեղերի ստեղծումը՝ այն նաև սոցիալական կարևոր ծրագիր է»,-նկատել է Կարլ Գրազը: Նախնական ուսումնասիրության արդյունքներին հաջորդել է հարցուպատասխանն ու մտքերի փոխանակումը: Խոսելով տարածքի մակերեսային հատվածի բնապահպանական նպատակահարմարության մասին՝ նշվել է, որ այն համապատասխանում է չափորոշիչներին և, ընդ որում, աղբավայրի համար ընտրված տարածքում չկան ծառեր և թփեր: Կառուցվելիք աղբավայրը կունենա մի շարք ենթակառուցվածքներ՝ կլինի ամբողջությամբ ցանկապատված, կունենա նոր ճանապարհներ, համապատասխան լուսավորություն: Այն նաև կհերմետիկացվի և կստեղծվի ջրային հատուկ ավազան: Գազի արտանետումներն էլ ձևավորված հատուկ համակարգի շնորհիվ չեն վնասի շրջակա միջավայրին: Աղբավայրում կապահովվի նաև ոռոգման համակարգ և մշտապես խոնավ միջավայր: Ամփոփելով աշխատանքային հանդիպման արդյունքները՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ կառուցողական քննարկումները կնպաստեն ծրագրի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը: «Նոր աղբավայրի կառուցումը քաղաքային իշխանության և երևանցիների կողմից իսկապես երկար սպասված ծրագիր է, որն ունի իր բնապահպանական ու առողջապահական կարևոր նշանակությունը: Ուստի մենք պետք է ակտիվորեն շարունակենք աշխատանքները, որպեսզի ծրագրի հիմնանպատակը, այն է՝ ունենալ բնապահպանական տեսանկյունից պաշտպանված և միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր, հնարավոր դառնա իրագործել», - ընդգծել է Վահե Նիկոյանը: ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն՝ տվյալ նախաձեռնության հիմնադրույթային փաստաթուղթը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարության նախնական փորձաքննության, որի արդյունքում կհստակեցվեն ծրագրի իրականացման հիմնական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Այնուհետ ամբողջական փաթեթը կներկայացվի հանրային քննարկման:

Նմանատիպ նյութեր