211652_close_icon
views-count637 դիտում article-date 15:43 22-10-2014

Վաղը տեղի կունենա Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Եզրափակիչ համերգին կմասնակցեն դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա) և ճանաչված կիթառահար Ֆաբիո Զանոնը (Բրազիլիա): Նախասրահում կներկայացվի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Ֆիլհարմոնիկյան կադրեր» խորագրով ցուցահանդեսը: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրը ներառել է 9 համերգ: Նվագախմբի հետ հանդես են եկել Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (դաշնամուր, Ֆրանսիա), Բորիս Բրովցինը, (ջութակ, Մեծ Բրիտանիա), Դիմուտ Պոպպենը (ալտ, Գերմանիա), Էշլի Վոսը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ, Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Մելնիկովը (դաշնամուր, Գերմանիա/Ռուսաստան), Սերգեյ Կրիլովը (ջութակ, Ռուսաստան), Ֆաբիո Զանոնը, (կիթառ, Բրազիլիա), Սիմոն Տրպչեսկին (դաշնամուր, Մակեդոնիա), Կիրիլ Գերշտեյնը (դաշնամուր, ԱՄՆ/Ռուսաստան) և ուրիշներ: Կամերային համերգների շրջանակներում հանդես են եկել նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Յանա Դարյանը (ալտ) և Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս): Այս տարի հայ երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասեր են անցկացրել Էշլի Վոսը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Սարաջյանը, Դիմուտ Պոպպենը և Սիմոն Տրպչեսկին: Ս. թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 14:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգի, ինչպես նաև Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի Ավստրիայում և Գերմանիայում ունեցած հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսին կմասնակցեն ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, կիթառահար Ֆաբիո Զանոն, դաշնակահար Սիմոն Տրպչեսկին:

Նմանատիպ նյութեր