211652_close_icon
views-count920 դիտում article-date 20:22 13-10-2014

Սերգո Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության բաժնի պետ Սանտի Վեգեին, որին ուղեկցում էր Շվեյցարիայի Դաշնության դեսպանության (նստավայրը` Թբիլիսի) Հարավկովկասյան տարածաշրջանի տնօրեն, խորհրդական Ռուդոլֆ Շոչը: Հանդիպման սկզբում նախարարը հյուրերին հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին գրանցված դրական ցուցանիշները: Նախարարը նշել է, որ ներկայումս քայլեր են ձեռնարկվում օգտագործվող հողատարածքների ավելացման, մշակաբույսերի բերքատվության բարձրացման, մթերատվության և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ: Անդրադառնալով Սյունիքի մարզում Գործակալության կողմից կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ ծրագրի հաջող իրականացմանը` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է շվեյցարական կողմին ուսումնասիրել ծրագիրը Հայաստանի բոլոր մարզերում իրականացնելու հնարավորությունը: Նախարարն առաջարկել է նաև աջակցություն ցուցաբերել Հայաստանում կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Գործակալության բաժնի պետ Սանտի Վեգեն նշել է, որ տպավորված է նախարարի ներկայացրած ցուցանիշներով և ընդգծել է, որ Գործակալությունը մտադիր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել հանրապետությունում իրականացվող ծրագրերի շրջանակը: Ռուդոլֆ Շոչն իր նկատառումներն է ներկայացրել Հայաստանում անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգի վերաբերյալ` նշելով, որ այս բնագավառում դեռևս առկա են չկարգավորված խնդիրներ: Համակարծիք լինելով վերջինիս հետ` Սերգո Կարապետյանը նշել է, որ անասնաբուժական արդյունավետ ծառայություններ իրականացնելու նպատակով դրական դեր կարող է ունենալ անասնաբուժական կենտրոնների ստեղծումը, անասնաբույժների մասնագիտական հմտությունների կատարելագործումը և դրան առնչվող առաջավոր երկրների փորձի ներդրումը: Համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու համար նախարարը նպատակահարմար է համարել ստորագրել փոխըմբռնման հուշագիր նախարարության և Գործակալության միջև:

Նմանատիպ նյութեր