ՖԱՖ-ը երթ կկազմակերպի Հայաստան - Ֆրանսիա խաղից առաջ. տեսանյութ
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին ճակատ շարժումը` FAF-ը, Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականների ընկերական մրցավեճից առաջ երկրպագուների երթ է կազմակերպելու դեպի «Հանրապետական» մարզադաշտ:
Այդ առիթով, ՖԱՖ-ը տարածել է հետևյալ հայտատարությունը.
«Նախորդ խաղում Հայաստան հավաքականը ապացուցեց, որ նույնիսկ առանց իր առաջատարների կարող է պայքարել ցանկացած թիմի դեմ: Հոկտեմբերի 14-ին մեր տղաները Երևանում կհյուրընկալեն աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին` Ֆրանսիային:
ՖԱՖ-ը, ինչպես միշտ, ազգային հավաքականի խաղից առաջ կազմակերպելու է ավանդական դարձած երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Ֆուտբոլային տոնը մենք սկսում ենք խաղից ժամեր առաջ:
Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին հրավիրում ենք հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:
Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին:»: