211652_close_icon
views-count4416 դիտում article-date 23:37 11-10-2014

26 տարի, 900.000 կիլոմետր և 215 երկիր. գերմանացու շուրջերկրյա ճանապարհորդությունը Mercedes-Benz Gelandewagen մեքենայով

Գերմանիայի 76-ամյա քաղաքացի Գյունթեր Հոլթորֆն իր երկնագույն Mercedes-Benz Gelandewagen մեքենայով 26-ամյա շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո վերադարձել է հայրենիք: Նա իր քաղաքացիական 4-րդ կին Կրիստինայի հետ շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 1989 թվականին, Բավարիայում: Սկզբնական շրջանում այդ ճամփորդությունը պլանավորված էր որպես հարսանեկան, ամուսինները հուսով էին 18 ամսում շրջել ողջ Աֆրիկայում: Սակայն ճամփորդությունը ձգձվեց, և իրականում նրանց հաջողվեց այդ մայրցամաքի բոլոր երկրներով շրջել միայն 5 տարում: Աֆրիկան հաղթահարելուց հետո նրանք որոշել են, որ պետք չէ կանգ առնել ձեռք բերածով, և պետք է շարունակել իրենց ճամփորդությունը համայն աշխարհում: Աֆրիկայից հետո նրանք շրջում են Հարավային Ամերիկայում, ուր Հոլթորֆն աշխատել է ավելի վաղ և լավ է ճանաչել նրա բազմաթիվ երկրները: Հետո նրանք ուղևորվել են Հյուսիսային Ամերիկա, Ասիա, Ավստրալիա և Եվրոպայի երկրներ: Մի շարք երկրներում զույգը դարձել է առաջին օտարերկրացիներ, որոնց թույլատրել են մուտք գործել սեփական ավտոմեքենայով: Արդյունքում, «Գելենդվագենը», որին ամուսիններն անվանել են Օտտո, 26 տարում անցել է ընդհանուր առմամբ 900.000 կիլոմետր ճանապարհ՝ այցելելով աշխարհի 215 երկիր: Այդպիսով, եթե հաշվի առնենք, որ հասարակածի երկարությունը կազմում է 40.075 կիլոմետր, ապա կստացվի, որ այդ տարիների ընթացքում զույգը կատարել է ոչ թե մեկ, այլ՝ մի ամբողջ 22 շուրջերկրյա ճամփորդություն: Ուշագրավ է, որ այդ բոլոր 26 տարիների ընթացքում 1988 թվականի արտադրության Gelandewagen 300-ը միայն մեկ անգամ է ունցել տեխնիկական լուրջ խնդիր: Դա տեղի է ունեցել Անդերի լեռներում՝ ծովի մակարդակից մոտ 5000 մետր բարձրության վրա: Մնացյալ բոլոր դեպքերում Հոլթորֆին հաջողվել է ինքնուրույն, հենց ճանապարհի վրա լուծել ծագած խնդիրները: Հոլթորֆը չի հիշում, թե ինչպես ծագեց ողջ աշխարհում շրջելու գաղափարը, սակայն ավելի ուշ ինքն ու Կրիստինան իրենց առջև նպատակ են դրել՝ հայտնվելու Գինեսի ռեկորդների գրքում: Գերմանացին վերջին 4 տարում միայնակ է եղել մեքենայի ղեկին, նրա կինը 2010 թվականին մահացել է քաղցկեղից: Նրանք իրենց հարաբերությունները պաշտոնականացրել են Կրիստինայի մահվանից միայն երկու շաբաթ առաջ: Այն ժամանակ Հոլթորֆը խոստացել է իր ավարտին հասցնել սկսած գործը: Նշվում է, որ Օտտոն այժմ հայտնվելու է թանգարանում:

Նմանատիպ նյութեր