Facebook-ը գործարկելու է անանուն շփման բջջային հավելված
Աշխարհի խոշորագույն սոցցանց Facebook-ը մշակում է բջջային հավելված, որն օգտատերերին հնարավորություն կտա շփվել անանուն կերպով՝ մտացածին անուններով: Այս մասին գրում է The New York Times թերթը:
Դրա համար պատճառ է հանդիսացել ոչ վաղ անցյալում գրանցված սկանդալը, երբ ԱՄՆ-ի ԼԳԲՏ համայնքի հայտնի մի շարք ներկայացուցիչներ Facebook-ից օգտվելուց զրկվել էին նրա համար, որ օգտագործել էին կեղծանուններ:
Facebook-ի ներկայացուցիչներն այն ժամանակ ներողություն էին խնդրել օգտատերերից ու խոստացել էին լրամշակել իրական անունների քաղաքականությունը, որին սոցցանցը հավատարիմ է մնում գործարկումից սկսած:
Այժմ ընկերությունն աշխատում է ինքնուրույն բջջային հավելվածի ստեղծման ուղղությամբ, ուր օգտատերերը կարող են շփվել՝ չնշելով իրական անունները: Հավելվածի գործարկումը նշանակված է առաջիկա շաբաթներին:
Ցայժմ Facebook-ը հավատարիմ է եղել այն դիրքորոշմանը, որ սոցցանցում մարդը պետք է հայտնի լինի այն նույն անունով, որն ունի իրական կյանքում: Ամենայն հավանականությամբ, ընկերությունն այդ սկզբունքը կպահպանի հիմնական կայքում, որից օգտվում է մոտ 1.3 միլիարդ օգտատեր, սակայն ցանկացողներին կառաջարկի այլընտրանք՝ նոր հավելվածի տեսքով, որը թույլ կտա գործածել կեղծանուններ: