ՌԴ-ն ու Չինաստանը ցանկանում են վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Բոբ Վորկը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են վերանայել աշխարհակարգը, որը հաստատվել է Երկրորդ համաշխահային պատերազմից հետո: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Վորկն ընդգծել է. «Նախևառաջ բացարձակապես պարզ է, որ այդ երկու երկրներն ամրապնդում են իրենց սահմանների հարևանությամբ դիրքերը: Դա այն բաներից մեկն է, որի ուղղությամբ մենք պետք է աշխատենք հետագա տարիներին՝ կապված նրա հետ, թե նրանք որ ոլորտներն են իրենց համար համարում կենսական կարևորություն ունեցող:
ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ Մոսկվայի ու Պեկինի պլանները չեն հանգեցնի նրանց կողմից ուժ կիրառելուն, ինչը մեզանից կպահանջի ռազմական ուժի կիրառմամբ պատասխան: Աշխարհակարգը փոխելու Ռուսաստանի ու Չինաստանի ցանկությունը պահանջում է հատուկ ուշադրություն:
Անհրաժեշտ է ռազմավարական մակարդակով հստակեցնել, թե մենք ինչպես ենք պատրաստվում հենց ներկայումս աշխատել այդ երկու շատ ուժեղ տարածաշրջանային երկրների հետ»: