Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենավտանգավոր մարդն է. Կասպարով
Yahoo News-ին տված հարցազրույցի ժամանակ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենավտանգավոր մարդն է, և ԱՄՆ-ի համար ներկայացնում է շատ ավելի մեծ սպառնալիք, քան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Կասպարովը միևնույն ժամանակ սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Ուկրաինայում Պուտինի ագրեսիային չափազանց ուշ արձագանքելու համար:
Կասպարովը Պուտինի ագրեսիվ քաղաքականության հանդեպ եվրոպացիների ցուցաբերած անտարբերությունը համեմատել է այն ինքնահանգստացման հետ, որն աշխարհում տիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին:
Նա երեսպաշտություն է համարել այն, որ Վաշինգտոնն ու նրա արևմտյան դաշնակիցները պայմանավորվել են ջիհադականների դեմ պայքարող սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն հատկացնելու շուրջ, և միևնույն ժամանակ մերժել են Ուկրաինայի համանման խնդրանքը:
Կասպարովն աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմին՝ ընդգծելով, որ դրանք որոշակի պահի վնաս կպատճառեն ոչ միայն ռուսական տնտեսությանը, այլև՝ անձամբ Վլադիմիր Պուտինին ու նրա մերձակա շրջապատին: Ընդ որում, դրա համար անհրաժեշտ է պատաժամիջոցները չվերացնել մինչև առնվազն 2015 թվականի մարտը: