2013 թ-ից մինչև սեպտեմբեր ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 9 կին է սպանվել
2013 թվականից մինչեւ սույն տարվա սեպտեմբերը բռնության հետեւանքով արդեն 9 կին է մահացել: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը:
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1501 կին է ենթարկվել բռնության, իսկ անցյալ տարի 580 դեպք է արձանագրվել: Կոալիցիայի անդամները ընդգծեցին «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հատկապես այն դեպքում, երբ կանայք հաճախ խուսափում են ներկայացնել իրենց նկատմամբ կատարված բռնությունները:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մասնակիցները հոկտեմբերի 1-ին՝ 18:00-ին, Երևանի Կարապի լճի տարածքում մոմավառություն կկազմակերպեն: Ցուցապաստառներով եւ ընտանեկան բռնության զոհերի լուսանկարներով հոկտեմբերի 1-ին, 10:00-ից սկսած, ամբողջ օրվա ընթացքում Երեւանի բոլոր շրջաններում ցույցեր կանցկացվեն: Նպատակը հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր հռչակելն է: