Մեքսիկայում հայտնաբերվել է դինոզավրերի խոշորագույն «գերեզմանոց»
Մեքսիկայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի սահմանի մոտ, հայտնաբերվել է դինոզավրերի խոշորագույն «գերեզմանոց»: Գերմանացի հնէաբանները փոքր տարածքում (50*200 մետր) հայտնաբերել են դինոզավրերի միանգամից 14 կմախք, իսկ դրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ ևս 15 կենդանու մնացորդներ: Այս մասին գրում է Der Spiegel-ը:
Գերմանացի հնէաբան Վոլֆգանգ Շտինեսբեկը հայտարարել է, որ երբեք չի լսել, որ նման փոքր տարածքում գտնվեն դինոզավրերի այդչափ մնացորդներ: Հնէաբար Էբերհարդ Ֆրայն իր հերթին հայտարարել է, որ ներկայիս անապատային այդ վայրը ժամանակին հանդիսացել է Մեքսիկական ծոց թափվող գետերի բարեբեր դելտա, որում բավական զարգացած է եղել էկոհամակարգը՝ հավելելով, որ իրենց հաջողվել է հայտնաբերել ոչ միայն դինոզավրերի կմախքներ, այլև՝ շատ փոքր կոկորդիլոսների չորս տիպի գանգեր ու կաթնասունների ատամներ: