211652_close_icon
views-count1192 դիտում article-date 17:03 29-09-2014

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանին: ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց արվեստաբանին՝ Ծննդյան հոբելյանական 80-ամյա տարեդարձի առթիվ՝ նշելով. «Ծնվելով Հալեպում և 1946թ. ընտանիքի հետ հայրենադարձվելով Հայաստան՝ Դուք նվիրվեցիք ազգային արվեստին, ամբողջ կյանքում հայ հասարակությանը և միջազգային հանրությանը ըստ արժանվույն ներկայացրիք նշանավոր հայ նկարիչների, արվեստագետների կտավները և ստեղծագործությունները»: Շահեն Խաչատրյանը բազմաթիվ գրքերի, պատկերագրքերի հեղինակ է` «19-20-րդ դարերի հայկական արվեստ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Հովհաննես Այվազովսկի», «Սարյան», «Պետրոս Կոնտրաջյան», «Մինաս», «Հակոբ Հակոբյան» «Ճանաչիր և սիրիր» և այլն, որոնց մի մասը հրատարակվել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով: ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Շահեն Խաչատրյանի ջանքերը հատկապես Հովհաննես Այվազովսկու ազգային պատկանելությունը՝ հայ լինելու հանգամանքը միջազգային հանրությանը դիպուկ հոդվածներով ներկայացնելու գործում: 1990-2003թթ. Շահեն Խաչատրյանը ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Նրա ջանքներով` հաջողվել է Հայաստանի թանգարանային հավաքածուները հարստացնել հայ և օտար արվեստագետների մի քանի տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական արժեքավոր գործերով: Նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ հավելեց, որ Շահեն Խաչատրյանն իր ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված հայ արվեստագետների ստեղծագործությունների պատկերագրքերը սիրով տրամադրում է ՀՀ սփյուռքի նախարարությանը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իր երկարամյա ստեղծագործ աշխատանքը գնահատելու համար՝ Շահեն Խաչատրյանը նշեց. «Բոլորովին չեմ զգում 80-ամյա տարիքս: Այժմ պատրաստվում եմ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» ամսագրում հրապարակել Հայոց Ցեղասպանությունը վկայող երբևէ ստեղծված նկարների և լուսանկարների վերաբերյալ իմ ուսումնասիրությունները: Ինձ մեծ ուժ է տալիս այսպիսի գնահատանքը»: Շ.Խաչատրյանն արժանացել է մի շարք պարգևների և կոչումների, այդ թվում՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալ, ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալ և այլն: Այժմ նա Էջմիածնի Մայր տաճարում մշակութային խորհրդական է և «Խրիմյան» թանգարանի տնօրեն: Արվեստագետն աշխատում է կյանքի կոչել իր ծրագիրը և Հայաստան տեղափոխել Արշիլ Գորկու գործերը, որոնք ցուցադրվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան թանգարանում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին:

Նմանատիպ նյութեր