Թուրքիան հրաժարվեց ստորագրել «Իսլամական պետության» դեմ կոալիցիոն պայքարի հռչակագիրը
Վաշինգտոնի ներկայացրած հռչակագիրը, որը նախատեսում է միջազգային կոալիցիայի ստեղծում և պայքար՝ օրեցօր հզորացող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, չի ստորագրել Թուրքիան:
Հռչակագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Քննարկմանը ներկա են գտնվել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի արտգործնախարարները, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչները:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել ԻՊ-ի դեմ պայքարում, սակայն հրաժարվել էր լինել այդ գործունեության կենտրոնում: Առավելագույնը, որ թուրքական իշխանություններն առաջարկել էին, այն էր, որ սահմանի ամրապնդման հետ կապված հետախուզական տվյալներ կփոխանցեն կոալիցիային: